Ռիթմ
Ռիթմ (հունարեն՝ ῥυθμός` համաչափություն, կառուցիկություն), հավասար միավորների պարբերական, կանոնավոր կրկնություն, որը հատուկ է ինչպես բնության երևույթներին (Երկրի պտույտն արեգակի և իր առանցքի շուրջ, ծովի մակընթացությունն ու տեղատվությունը, մարդու սրտի զարկերը), բոլոր մեխանիզմների աշխատանքին (լծակ, ժամացույց, մետրոնոմ, Նյուտոնի ճոճանակ, հաստոցներ և այլն), այնպես էլ արվեստի որոշ տեսակների (երաժշտություն, պար, չափածո խոսք)։
Երաժշտության մեջ ռիթմն առաջանում է հնչյունների կանոնավոր հերթականությունից։ Պարը մարդկային մարմնի ռիթմիկ շարժումների շարանն է։
Ռիթմը կարևորագույն դեր է խաղում չափածո խոսքում` տարանջատելով այն արձակից։ Չափածոն պարունակում է որոշ հավասար միավորներ, որոնց պարբերական կրկնությունից էլ առաջանում է ոտանավորի ռիթմը։ Չափածոյի բոլոր տեսակներում ռիթմի հիմնական միավորը բանաստեղծական տողն է։
Բանաստեղծական ռիթմն առաջանում է՝
- վանկերի թվով հավասար տողերի կրկնությունից (վանկական ոտանավոր),
- շեշտված և անշեշտ վանկերի նույնատիպ զուգորդումներից (վանկաշեշտական ոտանավոր),
- տողերի մեջ հավասար թվով շեշտերի առկայությունից (Համաշեշտ ոտանավոր),
- տողերի արտասանության ժամանակամիջոցի հավասարությունից (Չափական ոտանավոր)։
Չափածո երկերում հանդես է գալիս ռիթմ ստեղծող ևս մի գործոն. երկու, երեք, չորս կամ ավելի տող միասին կազմում են մի խումբ՝ բանաստեղծական տուն։ Համանման տները բանաստեղծության կամ պոեմի մեջ կրկնվում են՝ ընդգծելով չափածո ստեղծագործության ռիթմը։
Տես նաև
Աղբյուրներ
- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 262