Պաշտպանել է բուրժուազիայի վերնախավի՝ խոշոր դրամատների, վաշխառուների և այլնի շահերը։ Վերականգնել է մարդկանց հիմնական քաղաքական ազատությունները, աշխարհիկ կրթությունը։ Թագավորի վարած ներքին քաղաքականությունը նպաստում էր երկրի արդյունաբերական առաջնդացին։ Ամեն կերպ ձգտում էր ժողովրդավար երևալ։ Հաճախ շրջում էր Փարիզում սովորական քաղաքացու նման, առանց թիկնապահի, զրուցում մարդկանց հետ։ Նրան անվանում էին նաև «թագավոր բուրժուա»։ Ստենդալը նրան համարում էր ամենախորամանկ թագավորը։ Սիրում էր, երբ իրեն դիմում էին ՝«Արքա՝ Աստծու և ժողովրդի կամոք»։ Սակայն դրանից նրա կառավարման բովանդակությունը չէր փոխվում։ Պետական մարմիններում ծաղկում էր կաշառակերությունը։ Դրությունը հատկապես սրվեց 1845-1847 թվականներին, երբ անբերրիության հետևանքով սով և համաճարակ սկսվեց։ 1848 թվականին ժողովուրդը Փարիզում ապստամբեց։ Լուի Ֆիլիպը փախավ երկրից։ Հեղափոխություն եղավ։ Առաջացավ Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1852 թվականը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։