Jump to content

Բիթլիսի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիլայեթ
Բիթլիսի վիլայեթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
Հիմնադրված է1875 թ.
Մակերես27 100 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն382 000 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբիթլիսցի
Բիթլիսի վիլայեթ (Աշխարհ)##
Բիթլիսի վիլայեթ (Աշխարհ)

Բիթլիսի վիլայեթ, Բաղեշի վիլայեթ (թուրքերեն՝ Bitlis Vilayeti), սկզբում խանություն (իշխանություն, հյուքումեթություն) Արևմտյան Հայաստանում։ Իբրև առանձին վարչամիավոր Թուրքիայում կազմակերպվել է XVI դարում։

Քրդական տիրապետության շրջանում

1514 թվականի Չալդրանի ճակատամարտից հետո օսմանյան սուլթան Սելիմ I Ահեղը (1512-1520), մոլլա Իդրիսի գլխավորած քրդական ցեղախմբի օգնությամբ հաղթանակ տանելով պարսկական Շահ Իսմայիլի բանակի դեմ, փոխարենը իր ռազմատենչ նոր դաշնակիցներին շնորհեց Արևմտյան Հայաստանում անարգել բնակություն հաստատելու, ինքնիշխան կառավարելու իրավունքներ և ապահարկ կացություն։ Պարսկաստանի քրդերի մի հոծ բազմություն գաղթեց և հաստատվեց Աղձնիքում, Մոկսում, Վասպուրականում, դարձավ թուրքերի հուսալի հենարանը և ստեղծեց մի շարք իշխանություններ։ Դրանցից ամենախոշորը Բիթլիսի հյուքումեթությունն էր, ուր վերահաստատվել էր քրդական ռոժակի ցեղախումբը՝ իրեն ենթարկելով Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն, Արճեշը՝ կենտրոն ունենալով Բիթլիս քաղաքը, որտեղ նստում էր գլխավոր խանը։

1605 թվականին Բիթլիսի Ավդալ խանը արշավեց Սասուն, փորձեց վերացնել իր նախորդների՝ գավառին տված հյուքումեթության իրավունքները, սակայն ջարդվեց Սասունի մատույցներում։ Նա հարկադրված վերաճանաչեց Սասունի արտոնությունները, ֆերմանով պատվիրեց իր հաջորդներին՝ հարկ չվերցնել հայ իշխան Հոլոյի որդի Գաբով Արտցուց, Գորգե ամիրայից, լեռնային Սասնո հայ ու քուրդ բնակչությունից։ Այնուհետև Սասունը միայն ձևականորեն մնաց Բիթլիսի իշխանության կազմում։

XVII-XVIII դարերում Բիթլիսի քուրդ խանը (Շերեֆների տոհմից) տիրում էր Վանից մինչև Դիարբեքիր ընկած մի ընդարձակ երկրամասի, որի խաները հարկատու էին Շերեֆների տոհմին և պարտավոր էին իրենց զորքերով կռվել նրա դրոշի ներքո։ Սուլթանական կառավարության ռազմական հզորության թուլացման պատճառով Շերեֆները զորեղացել էին և գրեթե անկախացել Բարձր Դռից․ իրենց կոչում էին ամիրաներ, պահում էին շուրջ 75 հազարանոց զորք և ունեին դրամ կտրելու իրավունք։

Բիթլիսի վիլայեթի իշխանությունը փաստորեն պետություն էր պետության մեջ, որի խանը, սակայն, պիտի հաստատվեր սուլթանի կողմից և անպայման լիներ քուրդ։ Օգտվելով այս վերջին հանգամանքից՝ թուրքական կառավարությունը մանր խաներին գրգռում էր խոշորների դեմ, առաջ բերում միջցեղային զինաբախումներ, երկուսին միաժամանակ խանության իրավունք տալով, կռվեցնում իրար դեմ և դրանով իսկ պահպանում իր ձևական գերիշխանությունը։ Կաշառքով կամ կռվով խան դարձողը կեղեքում էր հպատակներին, հատկապես հայ բնակչությանը։ Բիթլիսի խանն ուներ բանտեր, կիրառում էր խստագույն պատժատեսակներ, հատկապես անպաշտպան հայ զանգվածի հանդեպ։ Աստիճանաբար նոսրանում էր Բիթլիսի և շրջակայքի հայ բնակչությունը, որի տեղը բռնում էին քրդերը։

Թուրքական տիրապետության շրջանում

Բիթլիսի վիլայեթն իր գավառներով հանդերձ

XIX դարի 1-ին կեսին փոխվեց Թուրքիայի քաղաքականությունը քրդական իշխանությունների նկատմամբ։ 1826 թվականին Մահմուդ II սուլթանը ոչնչացնելով ենիչերիներին՝ կազմակերպեց նոր բանակ և ծրագրեց «վերանվաճել» իր կայսրության կիսանկախ գավառները, հպատակեցնել ապստամբ քուրդ խաներին ու բեկերին։

1834 թվականին թուրքական բանակը Մ․ Ռեշիդ փաշայի գլխավորությամբ սկսեց արշավանքը դեպի Հարավային Հայաստան։ Երկու տարում նա նվաճեց ողջ Քուրդստանն ու Հարավային Հայաստանի քրդապատկան մի շարք շրջաններ, սակայն չկարողացավ վերջնական արդյունքի հասնել, քանի որ կայսրության հզորությանն սպառնում էին Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալին և նրա որդին՝ Իբրահիմ փաշան։ Սուլթանական կառավարությունը քուրդ հզոր խաներին չեզոքացնելու կամ իր կողմը գրավելու մտադրությամբ նրանց կիսանկախության ֆերմաններ բաժանեց՝ ճանաչելով նախկին արտոնությունները։

1838 թվականին Բիթլիսի Շերեֆ խանը Ռեշիդ փաշայից հյուքումեթության արտոնագիր ստացավ և երկրամասը ձևականորեն կցվեց Վանի փաշայությանը։ Կարճ ժամանակ անց Թուրքիայի դեմ ապստամբեց քրդական ցեղերի առաջնորդ Բեղեր Խան բեկը՝ ջանալով իր շուրջը համախմբել քրդական մյուս իշխանությունները և ստեղծել միասնական պետություն։ Սակայն 1847—1849 թ թվականին թուրքական կառավարությունը հպատակեցրեց ապստամբ քրդական հյուքումեթությունները, օջաքլքները և յուրդլուկները։

Թուրք Օսման փաշան 1849 թվականին «վերանվաճեց» Բիթլիսը, գերեվարեց և Կ․ Պոլիս ուղարկեց Շերեֆների տոհմի վերջին շառավիղներին՝ մեկընդմիշտ վերջ տալով նրանց տիրապետությանը։ Բիթլիսի վիլայեթին միացվեցին և նրա ենթակայության տակ դրվեցին Սասունի դաշտային գավառները։ 1850 թվականից Բիթլիսի վիլայեթը դարձավ մի ընդարձակ սանջակ և մտցվեց Վանի վիլայեթի կազմի մեջ։

1867 թվականին ստեղծվեցին վիլայեթներ՝ իրենց վարչություններով, սանջակներ, կազաներ, որոնց կառավարիչներ նշանակվեցին թուրք «բարեհույս» անձնավորություններ, կառավարիչներին կից ստեղծվեցին ընտրովի ժողովներ։ Արևմտյան Հայաստանի մեծ մասը միավորվեց և կազմակերպվեց որպես Էրզրումի (Կարնո) վիլայեթ։ Վերջինիս մեջ մտցվեց Բիթլիսի սանջակը, որը միացվեց Մուշի սանջակին։ Կենտրոնը փոխադրվեց Մուշ։

1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի խնդիրը՝ Հայկական հարցը, դարձավ միջազգային դիվանագիտության հարատև վեճի առարկա։ Մի պահ կարևորություն ստացավ արևմտահայության թվաքանակը։ Ջանալով ստեղծել վարչական այնպիսի միավորներ, որտեղ հայերը թվական ու տոկոսային փոխհարաբերությամբ փոքրամասնություն կազմեին՝ թուրքական կառավարությունը Էրզրումի ընդարձակ վիլայեթը բաժանեց Կարնո, Վանի, Հեքիարիի և Մուշի վիլայեթների, ըստ որում Բիթլիսը դարձավ ընդարձակ սանջակ և մտցվեց Մուշի վիլայեթի մեջ (1878)։

Ի պատասխան դրան՝ Ն․ Վարժապետյան պատրիարքը Արևմտյան Հայաստանում նոր մարդահամար անցկացրեց և ցույց տվեց, որ այդ վիլայեթներում էլ հայերը համեմատական մեծամասնություն են կազմում։

Տարածք

1880 թվականին Համիդ II մեկ անգամ ևս փոխեց Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումը՝ ստեղծելով Բիթլիսի վիլայեթ, որին արհեստականորեն կցեց քրդաբնակ գավառներ, որպեսզի հայերը իրենց տոկոսով գոնե այստեղ փոքրամասնություն կազմեին։ Բիթլիսի վիլայեթի կազմի մեջ փոփոխություններ կատարվեցին նաև 1886 և 1895 թվականին, և այնուհետև մինչև առաջին համաշխարհային պատերազմը Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից մեկը Բիթլիսի վիլայեթն էր։ Այն սահմանակցում էր արևելքից Վանի, հյուսից՝ Էրզրումի, արևմուտքից և հարավից՝ Դիարբեքիրի վիլայեթներին։ Ընդգրկում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան նահանգների մի մասը։ Վիլայեթի տարածությունը 27, 1 000 կմ2 էր, որի շուրջ 10%-ը մշակելի հողատարածություն էր։

Բնակչություն

Բիթլիսի վիլայեթի բնակչությունը 1878—1879 թ թվականի մարդահամարով 400 000 էր, միայն հայերը՝ 250 000։ 1890-ական թվականներին հայկական ջարդերից, ժողովրդի մի մասի տարագրությունից հետո հայ բնակչությունը նվազեց․ XIX դարի վերջերին այնտեղ կար 382 000 բնակիչ, որից հայեր՝ 180 000, թուրքեր՝ 40 000, չերքեզներ՝ 10 000, քրդեր՝ 77 000, ղզլբաշներ՝ 8 000, ասորիներ՝ 15 000, եզդիներ՝ 5 000 և այլն։

Մեծ եղեռնի նախօրյակին Բիթլիսի վիլայեթում ապրում էր 198 000-200 000 հայ, որից 56 000 միայն ազատվեց թուրքական յաթաղանից, հետագայում սրանք էլ կամ թուրքացան կամ էլ տեղափոխվեցին օտար երկրներ։

Վարչական բաժանում

Բիթլիսի վիլայեթը վարչականորեն բաժանված էր 4 սանջակի․

Բիթլիսի սանջակ

Բիթլիսի սանջակի կազաներն (գավառներ) էին.

Խլաթն ընկած էր պատմական Բզնունիք գավառի նախկին սահմաններում, որի արևմտյան ափերին բարձրանում էր Սիփան, իսկ հարավային սահմանի վրա փռված էին Գրգուռ և Նեմրութ (Նեբրովթ) լեռները։ Գավառակի կենտրոնը Վանա լճի եզերքում տարածվող Խլաթ քաղաքն էր՝ շուրջ 12 000 բնակչությամբ։

Խիզանի գավառակը սահմանակից էր Վանի վիլայեթին, գտնվում էր նրա հարավում, որը կտրում էր Տիգրիս գետը թափվող Խիզան գետակը։ Խիզանի լեռնային հատվածում ապրող բնակչությունը (հայ և քուրդ) զբաղվում էր խաշնարածությամբ։ Դաշտային մասը պատած էր խաղողի այգիներով, բամբակի ու ծխախոտի դաշտերով։ Գավառակի հայ և քուրդ բնակչության թիվը հասնում էր 25 000։

Մոտկանի գավառակն ընկած էր Սասունի և Բիթլիսի միջև, փռված Հայկական Տավրոսի հարավային փեշերին, բնակչության մեծ մասը քրդեր էին կամ քրդացած հայեր․ 20 գյուղ կար, որոնք միավորված կազմում էին Գչեղ գյուղախումբը։

Բիթլիսի կազան ընդգրկում էր Վանա լճի հարավարևմտյան մասը։

Մուշի սանջակ

Մուշի սանջակը գտնվում էր վիլայեթի հյուսիսարևելյան մասում, ընդհանուր առմամբ դաշտային էր՝ տրոհված հինգ նահիեների (գավառակների)՝

Մուշի գավառակն ընդգրկում էր Տարոնը։ Սասուն գավառակը փռված էր Տավրոսյան լեռնաշղթայի վրա՝ հիմնականում գրավելով Բաթման գետի վերին հոսանքը։ Բուլանըխի գավառակն ընկած էր Մուշի հյուսիս-արևելքում, բաժանված էր երկու մասի՝ վերին և ներքին, որոնցից 1-ինը լեռնային էր, 2-րդը՝ դաշտային՝ փռված Արածանիի հովտում։ Մանազկերտի գավառակը ընդգրկում էր հիմնականում պատմական Վարաժնունիքը և Ապահունիքը՝ Մանազկերտ կենտրոնով։ Վարդոյի գավառակը տարածվում էր Բյուրակն լեռների հարավային լանջերին, բնակեցված էր փոքրաքանակ հայերով, քրդացած հայերով և քրդերով՝ շուրջ 12 000, կենտրոնը Կյումկյում ավանն էր, որը ժամանակին ունեցել է միայն հայ բնակչություն։

Սղերդի և Գենջիի սանջակներ

Սղերդի սանջակը գրավում էր Բիթլիսի վիլայեթի հարավային մասը՝ Արևելյան Տիգրիսի և Բիթլիս-սուի (Բաղեշ) ստորին հովիտները։ Բաղկացած էր հետևյալ գավառականերից.

Սանջակի կենտրոնը Սղերդն էր, որի բնակիչները հայեր, ասորիներ ու եզդիներ էին և բոլորն էլ վարժ խոսում էին արաբերեն։

Գենջի սանջակը ընդգրկում էր հետևյալ նահիեները.

Տնտեսություն

Բիթլիսի վիլայեթը, չնայած սուլթանական բռնի վարչակարգի հարուցած արգելքներին, XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին հասել էր տնտեսական որոշակի վերելքի։ Զարգացած էր առևտուրը, արհեստագործությունը, առաջ էին եկել մանուֆակտուրաներ, նույնիսկ հատուկենտ փոքրիկ գործարաններ, և գյուղատնտեսության մեջ սկսել էին թափանցել կապիտալիստական հարաբերությունները։

Այդ զարգացումը խաթարվեց 1915-ին, և վիլայեթը զրկվեց իր հիմնական աշխատասեր հայ բնակչությունից, որը զանգվածորեն զոհ գնաց Մեծ եղեռնին։ 1950 թվականին Բիթլիսի վիլայեթն ուներ 88422 բնակիչ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 835

Գրականություն

  • Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 1—3, Ե․, 1961—67
  • Ներսիսյան Մ․ Գ․, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թյուրքական բռնապետության դեմ․ 1850—1870․ Ե․, 1955։
  • Անասյան Հ․ Ս․, XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե․, 1961
  • Կիրակոսյան Ջ․ Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե․, 1965
  • Ղազարյան Հ․, Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800—1870 թթ․, Ե․, 1967
  • Ա-ԴՕ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Երևան, 1912
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 437