Կիլիկիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | մասնատված |
Խոշորագույն քաղաք | Ադանա |
Հիմնական լեզու | հայերեն, |
Բնակչություն | հայեր, մինչև 1923 թվականը՝ հայեր, հույներ, ասորիներ |
Տարածք | 50.000 |
Անվանված է | Կիլիկոս[1] |
Կիլիկիա (հուն․՝ Κιλικία, լատին․՝ Cilicia, միջին պարսկերեն՝ Klikiyā, պարթևերեն՝ Kilikiyā, թուրքերեն՝ Kilikya), Փոքր Ասիայի հարավարևելյան հատվածն ընդգրկող շրջան։ Որպես վարչաքաղաքական հատված՝ եղել է առանձին միավոր՝ Խեթական թագավորության ժամանակներից մինչև Բյուզանդական կայսրություն՝ ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Այժմ ամբողջությամբ պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։
Կիլիկիայի հայկական պետության դարաշրջանի հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանվում էր աշխարհ կամ տուն, Աշխարհ Կիլիկիո կամ Աշխարհ Հայոց։ Արաբների օրինակով, որոնք Կիլիկիան անվանում էին Սիսի երկիր, 7-րդ դարի հայ մատենագիրներից մեկը՝ Գրիգոր Տղան (1173-1193), Կիլիկիան անվանում էր Սիսվան[2] կամ Սիսուան[3] անուններով, հայկական պետության մայրաքաղաք Սիսի անունով։ Ղևոնդ Ալիշանը Կիլիկիայի պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված իր աշխատությունում ևս անվանել է Սիսվան (Սիսի աշխարհ)[4]։ 19-20-րդ դարերի հայ մի քանի հեղինակներ, որոնց թվում և Ալիշանը, հայկական պետության գոյության դարաշրջանի (11-14-րդ դարեր) Կիլիկիան անվանում էին Հայկական Կիլիկիա։ Ակադեմիկոս Հ. Օրբելին իր աշխատաույթուններում օգտագործում էր Կիլիկյան Հայաստան տերմինը։ Այս տերմինը ավելի ճիշտ է, քանի որ այն վերացնում էր առաջացած խառնաշփոթը, որը պայմանավորված էր նրանով, որ որոշ պատմաբաններ Կիլիկիան համեմատում էին Փոքր Հայքի հետ՝ ենթադրելով, թե Փոքր Հայքը գոյություն է ունեցել Միջերկրական ծովի ափերին՝ Հուստինիանոսի ժամանակներից սկսած։
Սահմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի հայկական պետության տարածքը կազմվել է բուն Կիլիկիայից և հարակից մարզերից։ Կիլիկիայի սահմանները որոշվում էին հետևյալ կերպ. 1. արևմուտքից սահմանակից էր Պամփիլիային, Իսավրիային և Պիսիդիային 2. հյուսիսից սահմանակից էր Լիկաոնիային ու Կապադովկիային 3. արևելքից սահմանակից էր Կատաոնիային ու Կոմագենեին 4. հարավ-արևելքից սահմանակից էր Սիրիային
Բուն Կիլիկիայի սահմանները փոփոխվում էին։ Հին ժամանակներում Կիլիկիայի սահմանները շատ ավելի ընդարձակ էին՝ հասնում էին մինչև Հալիս գետի միջին հոսանքներ։ Այդ մարզը, որի կենտրոնը Մաժակ քաղաքն է եղել (Մազակա, այժմ՝ Կեսարիա), անվանվում էր Կիլիկիա (ավելի հին Կիլակուից), որից և այս անվանումը տարածվել է ամբողջ տարածքի վրա։ Արևելքում Կիլիկիան տարածվում է մինչև Եփրատ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Հարուստ է օգտակար հանածոներով. Գյուլեք Մաղարա քարայրում (Լեռնային Կիլիկիա), որը գտնվում է Կիլիկյան Տավրոսի Բուլղար լեռների Բուզկայա լեռան ստորոտում, 1836 թվականի հայտնաբերվել են կապարի հանքեր[5]։ Կապարի մեկ այլ հարուստ հանքավայր է եղել Բերեքեթլի Մադենը (Լեռնային Կիլիկիա), Նիղդեի մարզում՝ Կորկուն գետի վերին հոսանքի շրջանում, Ապիշքար լեռան ստորոտին, Բերեքեթլի քաղաքի մոտ[6]։
Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։
Հայտնի քաղաքներից էին Տարսոնը, Ադանան, Զեյթունը, Սիսը, Այասը։ Վերջինս գտնվում էր Սարոս գետի երկու ափերին՝ համանուն Այասի ծոցում։ Կիլիկիայի թագավորության գոյության դարաշրջանում և դրանից հետո այն կոչվում էր Հայկական ծոց (այժմ՝ Իսքենդերունի ծոց, թուրքերեն՝ İskenderun Körfezi)։ Այժմ Ադանա քաղաքը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից է, թվով չորրորդը՝ Ստամբուլից (հունարեն՝ Κωνσταντινούπολις, Կոնստանդինուպոլիս), մայրաքաղաք Անկարայից (հունարեն՝ Άγκυρα, նախկին Անգորա) և Իզմիրից հետո (հունարեն՝ Σμύρνη, Զմյուռնիա)։ Արևմտյան հատվածում Անթալիայի ծովածոցն է՝ համանուն նավահանգստով, իսկ արևելքում՝ Իսքենդերուն ռազմական նավահանգիստը (հունարեն՝ Αλεξανδρέττα, Ալեքսանդրետտա)։ Թուրքիայի կազմի մեջ է մտնում նաև հնագույն քաղաքներից Անտիոքը հուն․՝ Ἀντιόχεια, ասորերեն՝ ܐܢܛܝܘܟܝܐ), որն այժմ վերանվանվել է Անթաքյա (թուրքերեն՝ Antakya), որը Սիրիայից, Ալեքսանդրետի շրջանի հետ 1923 թվականին Ֆրանսիան բռնակցել էր Թուրքիային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի մասին առաջին վկայությունները հասնում են նախնադար՝ մեզանից ավելի քան տասը հազար տարի առաջ՝ նոր քարի դարի, պղնձի և բրոնզի դարաշրջաններ։ Հայտնաբերվել են բազմաթիվ բերդեր ու ամրոցներ, հոգևոր շինություններ, քաղաքների ու գյուղերի մնացորդներ։
Առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակին, երբ այն նվաճվում է Խեթական թագավորության կազմի մեջ։ Մինչ այդ Կիլիկիայի տարածքը մտել է Մերձավոր Արևելքի այլ պետությունների կազմում՝ Հին Եգիպտոսի թագավորություն, Աքքադ, Էբլա, Ասորեստան։ Խաթթիի անկումից հետո՝ մ.թ.ա. XII դարից սկսած, Կիլիկիայի տարածքում կային մի քանի անկախ թագավորություններ։ Դրանք հիմնադրվում էին գլխավորապես արամեացիների, փյունիկեցիների կամ հույների կողմից։ Պետության ամենահայտնի մայրաքաղաքներից էր Ադանան, որն այն ժամանակվա տեքստերում կոչվում է Ադանավանա։ Կիլիկիայի քաղաքները աշխույժ առևտրական կապեր էին հաստատել Արևելյան Միջերկրականի (Փյունիկիա, Քանաան) քաղաք–պետությունների հետ։ Կիսանկախ այս վիճակը տևում է մինչև մ.թ.ա. VI դարը, երբ Կիլիկիան մտնում է Աքեմենյանների թագավորության կազմի մեջ։ Մ.թ.ա. 333 թվականին Կիլիկիան նվաճվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Վերջինիս մահից հետո տերությունը բաժանվում է երեք մասի՝ Մակեդոնիան արևմուտքում՝ Հունաստանի հետ միասին, Եգիպտոսը՝ հարավում՝ Պտղոմեոս զորավարի ենթակայության տակ, իսկ մնացած ամբողջ տարածքները անցնում են Սելևկոս Նիկատոր զորավարին, ով հիմնում է Սելևկյան տերությունը (մ.թ.ա. 297 - մ.թ.ա. 84)։
Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Շուտով հայոց թագավորը կործանում է Արևելքի ժողովուրդներին բռնությամբ զավթած այդ կայսրությունը։ Մյուս կողմից, նա թուլացրել էր Պարթևական թագավորությանը։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևում և տարածաշրջանում հայտնվում է նոր բռնապետական կայսրություն։ Արտաշատի պայմանագրի համաձայն, մ.թ.ա. 66 թվականին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը և նրա կազմում մնում շուրջ կես հազարամյակ։ 395 թվականին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև 965 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։
Արդեն 11-րդ դարի վերջում, սելջուկ թուրքերից Մանազկերտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցնում է վերահսկողությունը Կիլիկիայի նկատմամբ, որտեղ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմնում է հայկական իշխանություն։ Այն հետագայում վերածվում է թագավորության։ Սակայն շուտով Կիլիկիան ենթարկվում է Եգիպտոսի մամլուքների ավերիչ հարձակումներին, մինչև որ նվաճվում է նրանց կողմից 1375 թվականին։ Չնայած դրան լեռնային որոշ շրջաններում իրենց անկախությունը պահպանեցին մի քանի հայկական իշխանություններ։ Դրանցից Զեյթունը պահպանեց իր կիսանկախ վիճակը մինչև 1915 թվականը։ 1515 թվականին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը, մինչև 1915 թվականը Կիլիկիայում հայ ժողովուրդը մեծ քանակ էր կազմում։ 1909 թվականին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։
Վեց տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում է Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտով սկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստ Սևրի պայմանգրի անցնելու էր Ֆրանսիային։
Հայկական լեգեոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի Հայկական Կառավարությունը և նրա զինված ուժերի ղեկավարը
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի մայիսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո։
Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ և Լեգիոնի լուծարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-1921 թթ. տեղի ունեցավ Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից՝ Ռուսաստանի օգնությամբ։ Դրանից հետո՝ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920 թվականի օգոստոսին՝ վերջնական լուծարման[7]։
1920 թվականի վերջին և 1921 թվականի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից։ Մի մասն էլ մնաց և տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը։
Սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ է թողնում հայ գաղթականներին։ Չնայած հերոսական դիմադրությանը գերակշռող ու զինված թուրք հրոսակներին, հայ ժողովուրդը կրկին թողնում է Կիլիկիան։ Իսկ 1921 թ-ին կնքված Անկարայի պայմանագրով Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան Թուրքիային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Любкер Ф. Cilix (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 286.
- ↑ Կիլիկիայի հայկական պետության պատմություն, Գ. Միքայելյան, 2017թ, ԵՊՀ հրատարակչություն, էջ 6
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 1
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 937 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 705 — 992 էջ։
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 33։ Արևելյան Լեգիոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 405)։ |