Արմինե Գրիգորյան (դաշնակահար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմինե Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմինե Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1967 (57 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Արամ Խաչատրյանի տուն-թանգարան և Խաչատրյանի անվան եռյակ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1985) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1990) |
Պարգևներ |
Արմինե Ռոմանի Գրիգորյան (սեպտեմբերի 30, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն (2004 թ.):
Ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանի կինը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմինե Գրիգորյանը ծնվել է Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը (Կարինե Սմբատյանի դասարան)։ 1985-1990 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1990-1993 թվականներին՝ ասպիրանտուրայում, պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների դասարանում։
2003 թվականին դաշնակահար Սոնա Բարսեղյանի հետ հիմնադրել է «Սոնետ» դաշնամուրային դուետը։ 2005 թվականից Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարն է[2]։ 2010 թվականին եռյակի մյուս անդամների հետ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ», որն ակտիվ գործունեություն է ծավալել՝ պրոպագանդելով մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, աջակցելով շնորհալի պատանի երաժիշտներին։ Խաչատրյանի անվան եռյակի հետ համերգներով հանդես է եկել Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի (Gewandhaus), Մյունխենի (Gasteig - Philharmonie), Լոնդոնի (Quen Elizabeth Hall), Տոկիոյի (Suntory Hall), Տորոնտոյի (Koerner Hall) և այլն։
Լոզանում («Schubertiade»), Կոստա Ռիկայում («Festival de las Artes»), Մեքսիկայում («Festival International Cervantino») մասնակցել է փառատոների։
2005 թվականին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է նվագակցության արվեստի փառատոն, 2008 թվականին՝ Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն, 2013 թվականին՝ միջազգային գիտաժողով՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ 2007 թվականին հրատարակել է իր բանաստեղծությունների «24 պրելյուդ» խորագիրը կրող ժողովածուն[3]։
2004 թվականից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենն է, 2012 թվականից հայ դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահը։ Դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր է։
Խաչատրյանի անվան եռյակի հետ, ինչպես նաև որպես մենակատար համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում. ԱՄՆ, Կենտրոնական և Հարավային Ամերիկա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Կանադա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Լիբանան, Բուլղարիա, Մալթա, Չեխիա, Իտալիա, Լեհաստան, Ավստրալիա, Մոլդովա, Վրաստան, Մերձբալթյան երկրներ, ԱՊՀ երկրներ, Ռուսաստան և Հայաստան[4][5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմինե Գրիգորյանը համագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ՝ ներկայանալով ամենատարբեր ծրագրերով՝ ներառյալ Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար։ Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ՝ այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» սկավառակը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի քիչ հայտնի դաշնամուրային ստեղծագործություններին։
Նվագացանկում կատարում է Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մոցարտի, Շոպենի, Յոհաննես Բրամսի, Սերգեյ Ռախմանինովի, Կլոդ Դեբյուսիի, Պյոտր Չայկովսկու և այլոց ստեղծագործությունները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017
- Լեհաստանի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար 2013 թվականին Լեհաստանի հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով
- Միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է
- «Հռոմ 2003» (Roma 2003) դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է կրկնակի դափնեկրի կոչմանը և շքանշանի՝ Հռոմի դեպուտատների պալատի կողմից
- Որպես կամերային անսամբլիստ՝ տարբեր միջազգային մրցույթների հատուկ մրցանակների դափնեկիր է
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արմինե Գրիգորյան, Սեմյոն Բարսեղյան
- ↑ «Aram Khachaturyan Trio». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Khachaturyan Trio | Official Website». www.khachaturiantrio.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Արմինե Գրիգորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Armine Grigoryan, piano