Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնափիլիսոփայություն , բնության երևույթները և օրինաչափությունները մտահայեցողաբար մեկնաբանող ուսմունք, որը հենվելով բնագիտության նվաճումների և հասկացությունների վրա, ձգտում էր տալ բնության ընդհանուր բնական պատկերը։
Պատմականորեն այն փիլիսոփայության հնագույն ձևն է։ Անտիկ և միջնադարյան փիլիսոփայության մեջ նույնանում էր ֆիզիկայի և առհասարակ բնագիտության հետ։ Բնափիլիսոփայությունը առաջադրել է մի շարք արժեքավոր գաղափարներ և գիտական կռահումներ։ Առավել կարևոր էին Անաքսագորասի , էմպեդոկլեսի , Դեմոկրիտի և էպիկուրի բնափիլիսոփայական ուսմունքները ։ Միջնադարյան սխոլաստիկայի և կրոնական գաղափարների տիրապետության պայմաններում բնափիլիսոփայությունը գրեթե վերացավ փիլիսոփայության բնագավառից։ Այն նոր զարգացում ապրեց Վերածնության շրջանում՝ առաջադրելով մի շարք առաջադիմական ուսմունքներ (հիլոզոիզմ , բնապաշտական պանթեիզմն )։ XVII — XVIII դարերում , կապված բնագիտության զարգացման հետ, բնափիլիսոփայությունը իր նշանակությունը կորցրեց։ Այն նոր վերելք ապրեց գերմանիայի դասական փիլիսոփայության և հատկապես Շելինգի ուսմունքի մեջ։ Վերջինս իդեալիստական հիմքերի վրա ձևակերպեց բնության միասնության գաղափարը՝ ձգտելով բնագիտության նվաճումների իմաստավորման միջոցով կառուցել բնության համապարփակ համակարգ ։ Չնայած բնափիլիսոփայությունը միշտ հենվել է բնագիտության նվաճումների վրա, այն անկարող է եղել տալ բնության բուն բացատրությունը, մնացել է հայեցողական, որքանով «... երևույթների դեռ իրեն անհայտ իրական կապերը փոխարինում էր իդեալական , ֆանտաստիկ կապերով, և պակասող փաստերը փոխարինում էր հնարքներով , լրացնելով իրական բացերը միայն երևակայությամբ։ Այս դեպքում նա արտահայտեց շատ հանճարեղ մտքեր և կռահեց հետագա շատ հայտնագործություններ, սակայն քիչ անհեթեթություններ էլ չասվեցին։ Այն ժամանակ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ այժմ, երբ մեզ համար բավական է բնության ուսումնասիրության արդյունքների վրա նայել դիալեկտիկորեն , այսինքն՝ նրանց սեփական կապակցության տեսակետից, որպեսզի կազմենք մեր ժամանակի համար բավարար «բնության սիստեմ»... այժմ հասել է բնափիլիսոփայության վերջը։ Նրան հարություն տալու ամեն մի փորձ ոչ միայն ավելորդ կլիներ, այլ կլիներ մի քայլ դեպի ետ» (Էնգելս Ֆրիդրիխը , Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը 1972 )։ Հայ փիլիսոփայության պատմության մեջ իր բնափիլիսոփայության ուսմունքով և առանձին ուշագրավ գաղափարներով աչքի է ընկել Անանիա Շիրակացին , որը լինելով բնագիտական ուղղության հիմնադիրը հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ, վերակենդանացրել է անտիկ գիտության առաջավոր ավանդույթները ։ Ուշագրավ էին նաև Հովհաննես Սարկավագի (Իմաս տասեր) և Հովհաննես Երզնկացու բնափիլիսոփայության հայացքները։ Մի շարք առաջավոր գաղափարներով, հատկապես տարրաբանության և մարդակազմության հարցերում, հանդես եկան Տաթևի փիլիսոփայության դպրոցի ներկայացուցիչները (Հովհան Որոտնեցի , Գրիգոր Տաթևացի , Մաթեոս Զուղայեցի )։
Ավստրիա Ֆրանսիա Գերմանիա Մեծ Բրիտանիա Իտալիա Նիդեռլանդներ Լեհաստան Ռուսաստան Իսպանիա ԱՄՆ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 496 )։