Jump to content

Դեբեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեբեդ (այլ կիրառումներ)
Դեբեդ
Դեբեդ գետն Ալավերդի քաղաքում (29.07.2023)
Բնութագիր
Երկարություն178 կմ
Ավազանի մակերես4050 կմ²
Ջրի ծախս29,7 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԴսեղ
Գետաբերանի տեղակայումԽրամ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԾոփագետ, Կաճաճկուտ, Կիստում, Մարց, Նահատակ, Շնող, Սուրբկարապետիջուր, Ալավերդի, Բարդուտ, Բաբաջան, Ձորագետ, Փամբակ, Արճիս, Աչեր, Բերդաջուր, Երիցվանք և Լալվար
Երկիր Վրաստան և  Հայաստան
ԵրկրամասՔվեմո Քարթլիի մարզ և Լոռու մարզ

Դեբեդ (վրաց.՝ დებედა), գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից[1]։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը[2][3]․ Կուրի ավազանի գետ է[1]։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ)[4], ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները[5]։

Գետն ունեցել է մի շարք անուններ։ Հայկական աղբյուրներում այն կոչվում է Դեբեդ։ Օգտագործվել են նաև Դեբետ, Դևբեդ անվանաձևերը։ Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ[6]։

Վրացիները գետն անվանում են Դեբեդա (վրաց.՝ დებედა), հնում կոչվել է Բորչալա, որի անունով էլ կոչվել է Բորչալուի շրջանը[7][8][9][10]։

Ըստ ավանդության՝ գետի անունը ծագել է Դև Բեթ բառակապակցությունից․ «Առասպել կա, թե Լոռու Դև-հսկաները – Դև Բեթը (Դեբեդ գետը), Դև-Ալը (Դվալ սարը) և ուրիշները հափշտակել են Ծաղկունքի (Արագածի) աղջիկը, բերել Լոռի»[11]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեբեդ գետը Լոռում

Դեբեդը և նրա վտակները սկիզբ են առնում հյուսիս արևմուտքում Վիրահայոց լեռնաշղթայից և հարավ արևելքում՝ Գուգարաց լեռներից[12]։ Այն Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է և հոսում է հիմնականում նեղ կիրճով, որը կոչվում է Դեբեդի կիրճ և ունի 250-350 մետր խորություն[13]։ Ունի խառը սնուցում (ձնհալքների ջրեր, անձրևաջրեր և գրունտային ջրեր[13]), անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը (մարտից հունիս[14])՝ բարձրանալով մինչև 1 մ։ Այրում դիտակետում նրա սնման մեջ 55%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 45%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Հորդանում է գարնանը և ամռան սկզբին։ Տարեկան հոսքի 70%-ը անցնում է մարտ-հուլիս ամիսներին։ Հորդացումների և վարարումների ժամանակ Դեբեդի համարյա բոլոր վտակները կարող են վերածվել հզոր սելավաբեր հոսքերի՝ պատճառելով մեծ ավերածություններ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Մինչև Այրում բնակավայրը Դեբեդը սահանքավոր է, ունի լեռնային բնույթ, կատարում է խորքային էրոզիա։ Փամբակ և Ձորագետ գետերի միացումից հետո Դեբեդը հոսում է 250-350 մ խորությամբ Դեբեդի կանիոնով, որը շարունակվում է մինչև Ալավերդի քաղաքը՝ պահպանելով ընդհանուր առմամբ 20-40 մ լայնությունը։ Դեբեդի կանիոնը մեծ մասամբ ունի ուղղորդ կամ աստիճանաձև լանջեր։ Նեղ գոտիով տարածված են Օձունի, Աքորիի, Սանահինի, Հաղպատի և այլ փոքր սարավանդներ, որոնք վերին պլիոցենի լավային հոսքերի պատառիկներ են:Աստիճանաձև լանջի վրա աճում է առատ բուսականություն, իսկ ուղղորդ քարափները լերկ են և ունեն մռայլ տեսք։ Կանիոնի տեղում լայն հովտով հոսել է Պալեո-Դեբեդը, որը հետագայում լցվել է վերին պլիոցենի բազալտային լավաներով։ Հետագայում Դեբեդի խորքային էրոզիայի շնորհիվ լավային հոսքը կտրվել, և կանիոնը ավելի խորացել ու ընդունել է ժամանակակից տեսք։ Կանիոնի լանջերի քարափներում հողմահարման հետևանքով գոյացել են ընդարձակ խոռոչներ, քարայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակներում բնակիչների համար ծառայել են որպես թշնամիներից պաշտպանվելու, կարևոր թղթեր, իրեր թաքցնելու հարմար տեղեր։ Ստորին հոսանքում, Այրում կայարանից սկսած, գետը դուրս է գալիս հարթավայր, հոսում է դարավանդավորված լայն արկղաձև հովտով։ Դեբեդի վտակները բավական փոքր են։Դրանց երկարությունը 15-30 կմ-ից չի անցնում և ունեն փոքր հոսք։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Աջակողմյան նշանավոր վտակներից են՝ Մարցը, Աչերը, Շնողը, իսկ ձախակողմյան վտակներից՝ Աքորին, Ալավերդին, Ախթալան և այլն։ Դրանց երկարությունը 15-30 կմ-ից չի անցնում և ունեն փոքր հոսք[փա՞ստ]։ Հաստատուն սառցակալումը բացակայում է. սառցային տարբեր երևույթները դիտվում են 12 օրից(ստորին հոսանքում) մինչև 33 օր՝դեկտեմբերի կեսերից մինչև մարտի սկիզբ[փա՞ստ]: Դեբեդի հովտի մորֆոլոգիական առանձնահատկությունների հետևանքով նրա ջրերի տնտեսական օգտագործումը կապված է մեծ դժվարությունների հետ[փա՞ստ]: Դեբեդն ունի ջրաէներգետիկ զգալի պաշարներ։ Նախատեսվում է կառուցել ջրային էլեկտրակայանների կասկադ՝ 480 հազար. կվտ ընդհանուր հորությամբ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար։ Դեբեդի և նրա վտակների վրա կառուցվել են Ստեփանավանի, Ագարակի, Ձորագետի ջրային էլեկտրակայանները։ Նրա վրա կառուցվել են մի քանի ջրհան կայաններ որոնցից Այրում կայարանի մոտ հայտնի է Նոյեմբերյանի քառաստիճան ջրհան կայանը։ Նրա միջոցով Դեբեդի դարավանդից ջուրը մղվում է 300 մ բարձրության վրա և ոռոգում է մոտ 3800 հա հողատարածություն։ Բացի դրանից Դեբեդի ավազանում կառուցվել են Այրում-Ճոճկանի, Ճոճկանի, Շնողի, Թումանյանի, Լալվարի և ուրիշ այլ ջրհան կայաններ։ Դեբեդի ափին են արդյունաբերական կենտրոններ Ալավերդին և Ախթալան[փա՞ստ]: Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ գետի վարարած ջրերը դուրս են գալիս հունից և մեծ ավերածություններ գործում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։ Դեբեդի ափամերձ տարածքներում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդի հովիտն աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկությամբ․ այն երկհարկանի է։ Հովտի լանջերին նկատվում են լավային դարավանդներ։ Առանձնացնում են դարավանդների 12⁰, որոնք արդյունք են բազմածին հրաբխականության[15]։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբեդ գետում և նրա ավազանի լճակներում հանդիպում է վեց տեսակի ձուկ՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ[16][17]։

Աղտոտվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Դեբեդ գետի աղտոտմանը նպաստել են հիմնականում Վանաձորի քիմիական համալիրը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և այլ խոշոր ու միջին արդյունաբերական ձեռնարկություններ[5]։ Ներկայում Վանաձորի քիմիական համալիրը գործում է մասամբ և դեպի ջրային ավազան գործնականորեն արտանետումներ չունի։ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը աշխատում էր ներքին ջրաշրջանառության սկզբունքով, որը նպատակ կար կրճատել ջրի կորուստները և նվազեցնել ծանր մետաղների արտահոսքը դեպի գետը[5]։ Սակայն գետի աղտոտվածության մակարդակը բարձր է աղտոտման այլ աղբյուրների պատճառով[17][18][19][20]։

Դեբեդ գետը բանաստեղծական շնչավորում է ստացել Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ[21]։ Այն նկարագրված է Հովհաննես Թումանյանի «Անուշ»[22] «Լոռեցի Սաքոն» պոեմներում (վերջինիս գլխավոր հերոսը, գիշերը մենակ մնալով Դեբեդի կիրճում, խելագարվում է)․

Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․[23]

Դեբեդ գետը պատկերված է Փանոս Թերլեմեզյանի համանուն նկարում[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստան հանրագիտարան, խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2012։]
  2. Дебед, Great Soviet Encyclopedia
  3. «Rivers of Armenia». Armenia Discovery. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  4. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
  5. 5,0 5,1 5,2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացան ծրագիր
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 696 — 992 էջ։
  7. Энциклопедическій словарь, подъ редакціей профессора И. Е. Андреевскаго. Томъ IV. Битбургъ — Босха. Издатели: Ф. А. Брокгаузъ (Лейпцигъ), И. А. Ефронъ (С.-Петербургъ). С.-Петербургъ, Типо-Литографія (И. А. Ефрона), Прачешный пер., № 6. 1891. С. 451.
  8. Географическо-статистический словарь Российской империи. Том I. Санкт-Петербургь, 1863, стр. 209
  9. Потто Василий Александрович. «Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях. Том III. Персидская война 1826—1828 годов.». www.runivers.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին. Выпуск I. Издание второе. Санкт-Петербург, Колокольная, собственный дом, № 14. 1888. Дозволено цензурой, Санкт-Петербург, 15 апреля 1888 года. Типография Тренке и Фюсно, Максимилиановский переулок, № 15. Оглавление I выпуска: Вторжение Персиян, стр. 30
  10. Борчала // Больница — Буковина. — М. : Советская энциклопедия, 1927. — Стб. 200. — (Большая советская энциклопедия : [в 66 т.] / гл. ред. О. Ю. Шмидт ; 1926—1947, т. 7).
  11. Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3, Երևան, 1989, էջ 288։
  12. ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՍԱՐԻ ՏՈՒՖԱԱՎԱԶԱՔԱՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ
  13. 13,0 13,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 9 օգոստոսի 2007 թվականի N 979-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  14. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ. էլեկտրամատակարարման Հուսալիության ծրագիր 110կՎ Լալվար և Նոյեմբերյան օդային գծերի փոխարինում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  15. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 67 — 992 էջ։
  16. Աղստև և Դեբեդ գետերում ձկների կենսապայմանները տարեցտարի վատանում են
  17. 17,0 17,1 Դեբեդի ձկների քաշը ավելացել է. ինչո՞վ են նրանք սնվում
  18. [1in.am/2282613.html «Դեբեդի աղտոտումը կարող է միջազգային սկանդալ դառնալ․ պատկան կառույցները տեղեկությունները թաքցնում են»]
  19. ԱՐԴՅՈ՞Ք ԴԵԲԵԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է՝ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  20. Դեբեդ գետի ավազանը մաքրություն է հայցում...
  21. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1977, էջ 322։
  22. «Անուշ», Հովհաննես Թումանյան
  23. «Լոռեցի Սաքոն», Հովհաննես Թումանյան
  24. Արձակուրդները Հայաստանում․ կիրճեր ու գետեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբեդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 322