Զակինթոս
Զակինթոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Zakynthos Municipality? |
Մասն է | Հոնիական կղզիներ |
Մակերես | 405,55 կմ² |
Բնակչություն | 41 180 մարդ (2021) |
Զակինթոս[1] (հուն․՝ Ζάκυνθος ; ˈzacinθɔs), հայտնի է նաև, որպես Զանտե (իտալ.՝ Zante), հունական կղզի Բալկանյան թերակղզու ծայր արևմուտքում։ Հանդիսանում է Հոնիական ծովի երրորդ խոշորագույն կղզին՝ ըստ զբաղեցրած տարածքի և բնակչության թվի[2]։ Գտնվում է Կեֆալոնիա կղզու հարավում՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 300 կմ հեռավորության վրա[3]։ Աշխարհագրական բարենպաստ դիրքը կղզուն հնարավորություն է ընձեռում առևտրային կապեր հաստատել տարածաշրջանի մյուս կղզիների և նույնսիկ մայրցամաքային Հունաստանի հետ։ Վարչականորեն ընդգրկված է Հունաստանի Հոնիական կղզիներ պերիֆերիայի համանուն տարածաշրջանային միավորի կազմի մեջ։
Խոշորագույն քաղաքը Զակինթոսն է, որը հանդիսանում է կղզու քաղաքային իշխանությունների նստավայրը, միևնույն ժամանակ նաև տարածաշրջանային նշանակության խոշոր առևտրային նավահանգիստ[2]։ Քաղաքը առավել հայտնի է իր բազմատեսակ թանգարաններով, արևոտ լողափերով և մշակութային մեծ ժառանգությամբ։ Այդ ժառանգության մեջ ներառված են մեծաթիվ անտիկ վանքերը, ինչպես նաև բլրալանջին գտնվող վենետիկյան ամրոցը։
Կղզին աչքի է ընկնում բազմազան լողափերի առկայությամբ։ Լողափերի նման առատությունը պայմանավորված է Զակինթոսի լանդշաֆտով։ Կղզին զբաղեցնում է ընդհանուր հաշվով շուրջ 408 կմ² տարածք՝ գտնվելով ծովի մակարդակից մինչև 756 մետր բարձրության վրա։ Ծովափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 123 կմ։ Տարածքի հիմնական մասը անտառածածկ է․ գերակայում են սոճու անտառները՝ ոչ այնքան բարձրադիր լեռներով շրջապատված։ Լողափերի հիմնական մասը գտնվում է Զակինթոսի հյուսիսային, արևելյան և հարավային հատվածներում[4]։ Լողափերից ամենանշանավորը Նավայո ծովածոցի լողափն է[5], որտեղ կարելի է մտնել միայն նավագնացության նպատակով։ Արևմտյան հատվածը քարքարոտ է, այդ իսկ պատճառով այստեղ բավականին գերակշիռ մաս են կազմում քարանձավները, մասնավորապես՝ կապույտ քարանձավների համալիրը)։ Զակինթոսի կլիման մեղմ միջերկրածովյան է, հետևաբար՝ արևոտ օրեր լինում են և՛ ամառային, և՛ ձմեռային ամիսներին։ Կղզին հարուստ է իր ցամաքային և ջրային բուսական աշխարհով։ Զակինթոսը գյուղատնտեսական կղզի է, որտեղ հիմնականում աճեցվում են արևադարձային մրգեր, ձիթապտուղ և չամիչ[6]։ Դրանից բացի, տեղական եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջային ոլորտն է։ Զակինթոսը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող կղզի է։ Դա պայմանավորված է նրանով, որ դարեր շարունակ այն լինելով բազմաթիվ պետությունների տիրապետության տակ, եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը գերազանցում է 40 հազարը։ Բնակչության միջին խտությունը կազմում է 100 մարդ/կմ²։ Այդ թիվն ունի աճի միտում։ Զակինթոսում է ծնվել Հունաստանի ազգային օրհներգի խոսքերի հեղինակը՝ Սոլոմոս Դիոնիսոսը։
Կղզու անվան ծագումնաբանության վերաբերյալ ամենահայտնի վարկածն այն է, որ Զակինթոսն իր անվանումը ստացել է ի պատիվ հին հույների գերագույն աստված Զևսի որդու՝ Դարդանոսի։ Տարբեր ժամանակահատվածներում այն պատկանել է հույներին, հռոմեացիներին, բյուզանդացիներին, օսմանյան թուրքերին, վենետիկցիներին, խաչակիրներին և այլն։ Վենետիկցիները, որոնք իշխել են Զակինթոսում 1484-1797 թվականներին, կղզին անվանել են «Ֆիորո դի Լևանտե» (թարգմանաբար՝ արևելյան ծաղիկ), քանի որ այս կղզում աճում են ծաղիկների ավելի քան 7000 տեսակներ[6]։ Վենետիկյան ճարտարապետությունն իր կնիքն է թողել Զակինթոսում։ 1953 թվականին տեղի ունեցած երկարաշրժի հետևանքով վենետիկյան մի շարք եկեղեցիներ և շինություններ ոչնչացել են[7]։ Քաղաքի վերակառուցողական աշխատանքները Հունաստանի իշխանությունների կողմից կատարվել են խիստ հակասիսպասսացիոն կերպով՝ պահպանելով նախկին ճարտարապետական լուծումները[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զակինթոս կղզու տարածքը բնակեցվել է դեռևս վաղնջական ժամանակներից։ Առաջին մարդիկ այստեղ հաստատվել են պալեոլիթի դարաշրջանում։ Կղզում հայտնաբերված ամենահին գտածոները թվագրվում են նորքարեդարյան ժամանակաշրջանին։ Զակինթոսը կարևոր դերակատարում է ունեցել Հին Հունաստանի Միկենյան քաղաքակրթություն օրոք՝ դառնալով առևտրային կարևոր հանգույց։ Այս տարիներին կղզում կառուցվել են բազմաթիվ շինություններ։ 1971 թվականին Կամբի քաղաքի ճանապարհաշինարարության ընթացքում պատահաբար հայտնաբերվել է միկենյան գերեզմանոց։ Հին հույն բանաստեղծ Հոմերոսը հիշատակել է Զակինթոսն իր երկու աշխարհահռակ աշխատություններում՝ «Իլիականում» և «Ոդիսականում»։ Ըստ Հոմերոսի՝ Զակինթոսի առաջին բնակիչը եղել է Զևսի որդին՝ Արկադիայի թագավոր Դարդանոսը։ Վերջինիս որդու՝ Զակինթոսի պատվին էլ կղզին ստացել է իր անվանումը։ Որոշ ժամանակ անց Զակինթոսը նվաճվել է Կեֆալոնիայի արքա Արկիսիոսի կողմից։ Ըստ որոշ աղբյուրների՝ հույների կողմից Միջերկրական ծովի գաղութացման դարաշրջանում զակինթոսցիները հիմնադրել են ներկայիս Իսպանիայի Սագունտո քաղաքը։ Համաձայն վարկածի՝ դա տեղի է ունեցել Տրոյական պատերազմից շուրջ 200 տարի առաջ։ Հայտնի է նաև, որ Զակինթոսի բնակիչները ակտիվ մասնակցություն է ունեցել Տրոյական պատերազմին։
Տրոյական պատերազմի ավարտից հարյուր տարի անց ստորագրվում է մի պայմանագիր, որով Զակինթոսում ստեղծվում է անկախ ժողովրդավարություն։ Այդ պետականությունը տևում է ավելի քան 650 տարի։ Պելոպոնեսյան առաջին պատերազմի տարիներին՝ մ․թ․ա․ 459-446 թվականներին, Զակինթոսը դաշինքի մեջ է մտնում Աթենքի զորահրամանատար Տալմիդեսի հետ։ Արդյունքում՝ թշնամացած լակոնիացիները մ․թ․ա․ 430 թվականին արշավում են Զակինթոս և պաշարում կղզին։ Սիցիլիական արշավանքից հյուծված աթենական զորախմբերն ի վիճակի չէին աջակցել զակինթոսցիներին։ Պելոպոնեսյան պատերազմի ավարտից հետո Զակինթոսը հայտնվել է Սպարտայի գերիշխանության տակ։ Դա պայմանավորված էր նրանով, որ աթենացի զորապետ Տիմոթեոսը Կեկիրայից վերադառնալուց հետո վայրէջք է կատարում Զակինթոսում և մի քանի աքսորյալներ օժանդակում են նրան ամրապնդել իր իշխանությունը։ Շուտով Զակինթոսի գործող իշխանություններն օգնություն խնդրեցին Սպարտայից և վերջիններս էլ կղզի ուղարկեցին ռազմանավից բաղկացած զինված նավատորմ, որն էլ դուրս մղեց ինքնահռչակ աթենացիներին կղզուց։
Մ․թ․ա․ 3-րդ դարի սկզիբ Զակինթոսը գրավվեց Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ V-ի կողմից, որից հետո կղզին դարձավ Էթոլյան միության անդամ։ Մ․թ․ա․ 211 թվականին հռոմեացի զորավար Մարկոս Վալերիոսը պաշարեց կղզին, սակայն չկարողացավ գրավել միջնաբերդը։ Հռոմեական զորքերը վերջնականապես գրավեցին կղզին մ․թ․ա․ 191 թվականին։
Բյուզանդական կայսրության կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեապոլիտանական և վենետիկյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրության կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական տիրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի անկախության պատերազմի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանական գերիշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախ Հունաստանի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
- ↑ 2,0 2,1 «Զակինթոս կղզի, հանգիստը Հունաստանում // Տուրեր դեպի Զակինթոս, տեղեկատվություն զբոսաշրջիկների համար․ տեսարժան վայրեր, եղանակ, լողափեր և էքսկուրսիաներ». Mouzenidis Travel (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Աթենքի և Զանտեի միջև հեռավորությունը». www.distancefromto.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ մոլորակ, Միայնակ. «Զակինթոս, Հունաստան՝ միայնակ մոլորակ». Lonely Planet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Նավայո ծովածոցի լողափ՝ Զակինթոսի լողափեր, Greeka.com». Greeka (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Զակինթոսի մասին՝ Հունաստանի Զանտե կղզին». www.zakynthos.com.gr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Այցելի՛ր Հունաստան // Զակինթոս». www.visitgreece.gr. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զակինթոս» հոդվածին։ |
|