Jump to content

Կատալոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի ինքնավար համայնք
Comunitat autònoma de Catalunya
Կատալոնիայի դրոշը[1] Զինանշան



Պիրենեյան լեռնաշղթայի մաս կազմող Պերդաֆորկա լեռնագագաթը Կատալոնիայում
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մասն էPyrenees–Mediterranean Euroregion?[2]
ՀիմնԷլս Սեգադորս[1]
Կարգավիճակինքնավար համայնք
Մտնում էԻսպանիայի Թագավորություն
Ներառում է
ՎարչկենտրոնԲարսելոնա (Իսպանիայի երկրորդ քաղաքը)
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
Ամենաբարձր կետՊիկա դե Էստադոս[3]
Օրենսդրական մարմինԿատալոնիայի խորհրդարան[1]
Դատական մարմինԿատալոնիայի բարձրագույն դատարան[1]
Հիմնական լեզուիսպաներեն, կատալաներեն, օքսիտաներեն
Պաշտոնական լեզուներկատալաներեն[1], իսպաներեն[1] և օքսիտաներեն[4][1]
Բնակչություն (2016)
7 522 596
(234 %)
Ազգային կազմկատալոնացիներ
Կրոնական կազմԿաթոլիկ քրիստոնեություն
Տարածք32,108
Հիմնադրված է988[5] թ.
Սահմանակցում էՕկսիտանիա[3], Արագոն[3], Վալենսիա[3], Անդորրա[3], Էնկամպ, Էսքալդես-Էնդորգան, Սանթ Ժուլիա դե Լորիա, Andorra la Vella? և Լա Մասսանա
Ժամային գոտիUTC+1
ՀապավումCatalunya, CT և 🏴󠁥󠁳󠁣󠁴󠁿
ՓոխարինեցCaptaincy General of Catalonia?
ISO 3166-2 կոդES-CT
Ինտերնետ-դոմեն.cat
Անվանված էԿատալոնացիներ
web.gencat.cat/ca/inici/(կատ.)(իսպ.)(անգլ.)

Կատալոնիա, պաշտոնապես՝ Կատալոնիայի ինքնավար համայնք (կատ.՝ Comunitat autònoma de Catalunya, իսպ.՝ Comunidad autónoma de Cataluña), միապետական Իսպանիայի կազմում միավորվող ինքնավար համայնք, որը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում։ Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Կատալոնիային շնորհված է ներքին ինքնավարություն, որն իրականացվում է ժեներալիտետի միջոցով։ Ժեներալիտետը հանդիսանում է ինքնավար համայնքի բարձրագույն կառավարման մարմինը, որն ներառում է Կատալոնիայի խորհրդարանն ու գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանության գլուխը Կատալոնիայի նախագահն է, որը կատարում է ինքնավար համայնքի ղեկավարի գործառույթներ։ Կառավարման ապարատի անբաժան մասն է կազմում միապալատ խորհրդարանը, որն էլ ընտրում է կառավարության ղեկավարին։ Դատական իշխանությունը անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Կատալոնիան վարչականորեն բաժանված է չորս նահանգների՝ Բարսելոնայի, Ժիրոնայի, Լլեյդայի և Տառագոնայի։ Վարչական կենտրոնը Բարսելոնան է, որը Իսպանիայի Թագավորության երկրորդ և Եվրոպական միության յոթերորդ խոշորագույն քաղաքն է։ Վերջինս համարվում է նաև Կատալոնիայի քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական կենտրոնը։ Աշխարհագրորեն՝ Կատալոնիան գտնվում է Իսպանիայի ծայր արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Ֆրանսիայի Հանրապետությանը և Անդորրային, արևմուտքում՝ Արագոնին, արևելքում՝ Վալենսիային։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կատալոնիայի բնակչությունը կազմում է 7,522,596 մարդ։ Բնակչության մեծամասնությունն իսպանացիներն ու կատալոնացիներն են։ Պաշտոնական լեզուները երեքն են՝ իսպաներենը, կատալաներենը և արաներենը։ Բնակչության կրոնական կազմը բավականին բազմազան է, սակայն ճնշող մեծամասնությունը դավանում է կաթոլիկ քրիստոնեություն։

Կատալոնիայի տարածքը միջնադարյան ժամանակներից ի վեր միավորվել է իսպանական պետությունների կազմի մեջ։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում այն կռվախնձոր է եղել Իսպանիայի և Ֆրանսիայի միջև, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ձեռք բերել անկախություն և ինքնիշխանություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբերից Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիան աչքի է ընկել իր ազատատենչ գաղափարներով, անջատողական կեցվածքով և ունիտարիստական քաղաքականությանը հակոտնյա դիրքորոշմամբ։ Այս ամենի արդյունքում Կատալոնիան հասել է նրան, որ պաշտոնական Մադրիդը վերջինիս շնորհել է բացառիկ ինքնավարություն, ինչպես նաև կատալաներենը ճանաչել որպես պետական լեզու։ Կատալոնական ազգայնականության դրսևորումներից է վերջինիս տարածքային հավակնությունները Կատալոնական հողերի նկատմամբ, ինչպես նաև այդ տարածքներում ինքնիշխան ազգային պետության ստեղծման վերջիններիս բաղձալի նպատակը։ 2013 թվականի հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունում է «ինքնիշխանության և կատալոնացի ժողովրդի ինքնորոշման մասին հռչակագիր»։

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվում է անկախության հանրաքվե, որն ըստ երևույթի հակասում էր Իսպանիայի ազգային օրենսդրությանը։ Ըստ հանրաքվեի հրապարակված արդյունքների՝ բնակչության մեծամասնությունը կողմ էր Կատալոնիայի անկախությանը։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի խորհրդարանի նիստի ժամանակ Կառլես Պուչդեմոնը Կատալոնիան հռչակում է անկախ պետություն՝ հանրապետական կառավարմամբ։ Հոկտեմբերի 21-ին Մարիանո Ռախոն լուծարում է ժեներալիտետը և սահմանադրական դատարանի վճռով Կատալոնիային զրկում ինքնիշխանությունից։ Վերջինիս կարգավիճակը վերականգնվում է 2018 թվականի հուլիսի 2-ին։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիա (կամ Կատալունիա) երկրանվանումը միջնադարյան շրջանի լատիներենում կիրառվել է կատալոնացիների բնակության վայրը մատնանշելու համար։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է «Գոթլանդիա» բառից (գոթերի և ալանների ցեղանվանումից), որն էլ, հետագայում ձևափոխվելով, դարձել է Կատալոնիա։ Գոթերի երկիրը կոչվել է «Գոթիա», որը, ստանալով «լանդ» արմատը, դարձել է Գոթլանդիա։

Գոթլանդիան ժամանակի ընթացքում դարձել է Գոթալանիա (հիշատակելով ալաններին), ապա՝ Կատալաունիա։ Ստորև ներկայացված են անվան ծագման վերաբերյալ հիմնական վարկածները․

  • «Կատալունիա» բառը թարգմանաբար նշանակում է «ամրոցների երկիր»։ Ըստ այս վարկածի՝ երկրի անվանումն առաջացել է միջնադարյան castlà կամ castlan տերմինից, որը նշանակում է «ամրոցի ղեկավար»։ Այս տեսությունը, հետևաբար, ենթադրում է, որ Կատալոնիա և Կաստիլիա անուններն ունեն միևնույն արմատը։
  • Ըստ կելտական ծագման աղբյուրների՝ «Կատալունիա» բառը թարգմանաբար նշանակում է «ճակատամարտի առաջնորդ»։ Չնայած նրան, որ Կատալոնիայի տարածքը երբեք կելտիբերացիների կողմից չի նվաճվել, այնուամենայնիվ կելտական մշակույթը տարածաշրջանում իր անջնջելի ազդեցությունն է թողել դեռևս անհիշելի ժամանակներից։
  • Իբերական ծագմամբ լացետանները, որոնք բնակվել են մոտավորապես մերօրյա Կատալոնիայի տարածքում, հռոմեացիների կողմից հավանաբար կոչվել են կատելենացիներ (բառի սահմաններում հնչյունների հաջորդականության չգիտակցված փոփոխության արդյունքում), որն էլ անվանափոխվելով դարձել է կատալոնացիներ, իսկ երկիրը՝ Կատալոնիա։

Նախապատմական Կատալոնիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի միջերկրածովյան ափերի ժայռապատկերները գրանցված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։ Այն բաղկացած է մարդկանց և կենդանիների ներկված դեմքերից և համարվում է այդ շրջանի արվեստների շարքում ամենաառաջադեմն ու ընդգծունը։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Կատալոնիա երկրամասի տարածքում մարդը բնակություն է հաստատել միջին պալեոլիթի ժամանակաշրջանում՝ Մուստիերյան մշակույթի ձևավորմանը զուգընթաց։ Մոտ 200 հազար տարի առաջ ապրած նեանդերթալյան մարդու մնացորդներ են գտնվել Բենոլաս քաղաքի մոտակայքում, սակայն պեղումներ իրականացրած հնագետների մեջ չկա հստակ տեսակաետ, թե քանի հարյուր հազար տարվա հնություն ունեն այդ ոսկորները։ Այս դարաշրջանում նախամարդիկ սկսել են զբաղվել որսորդությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ, իսկ որոշ ժամանակ անց հանդես են եկել առաջին նստակյաց երկրագործական մշակույթները։ Կատալոնիայի տարածքում ի հայտ եկած ամենահին անթրոպոգեն գտածոն հայտնաբերվել է Բանիոլես բնակավայրում և ունի 200 հազար տարվա հնություն։ Մ․թ․ա․ 8000-ից 5000 թվականներին Կատալոնիայում տիրապետել է մեզոլիթի կամ այսպես կոչված միջին քարե դարի ժամանակահատվածը։ Այս պարբերափուլից մեզ հասած ամենահայտնի հնագիտական օբյեկտները պեղվել են Պոյանեսի երկրամասից։ Դրանք են Բալմա դել Գայը և Բալմա դել լ'Էսպլուգան։ Նեոլիթը (նոր քարե դար) Պիրենեյան թերակղզում սկսվում է մ․թ․ա․ 5000 թվականին։ Այդ շրջանում բնակչությունը շատ ավելի դանդաղ էր զարգանում, քան այլ վայրերում։ Կատալոնիայում անտառների առատությունը տեղի բնակիչներին թույլ է տվել ինտենստիվորեն զբաղվել որսորդությամբ և հավաքչությամբ։ Նման բնակավայրի օրինակ է Լա Դրագան, որը ստեղծվել է նեոլիթի դարաշրջանում և բնակեցվել միայն մ․թ․ա․ 6-րդ հազարամյակի վերջին։ Էնեոլիթը Կատալոնիայում սկսվել է մ․թ․ա․ 2500 թվականին և շարունակել մինչև մ․թ․ա․ 1800 թվականը։ էնեոլիթում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկզբում պատրաստվում էին զտաբեկորից, այնուհետև՝ հանքային պղնձից։ Մ․թ․ա․ 1800 թվականին Կատալոնիայի մարդկային հասարակությունը թևակոխում է բրոնզիդարյան ժամանակաշրջան։ Այս պարբերափուլը տևում է հազար տարի և շարունակվում մինչև մ․թ․ա․ 1900 թվականը։ Բրոնզե դարի ազդեցությունը Կատալոնիայում այդքան էլ մեծ չէ․ եզակի պահպանված հնագիտական օբյեկտներից են միայն ֆրանս-իսպանական սահմանագլխով հոսող Սեգրե գետի հովտում գտնվող հնագույն բնակավայրերի մնացորդները։ Բրոնզե դարը համընկնում է հնդեվրոպական ցեղերի գաղթի հետ։ Վերջիններս իրենց հետ տարածաշրջան են բերում նոր մշակույթ։ Արևելքից դեպի ներկայիս Կատալոնիայի տարածք հնդեվրոպական ցեղերի միգրացիայի ալիքը սկսվում է մ․թ․ա․ 1200 թվականին և շարունակվում շուրջ կես հազարամյակ։ Հաստատվելով նոր տարածքներում՝ վերջիններս հիմնում են Կատալոնիայի առաջին պրոտոքաղաքային բնակավայրերը։ Մ․թ․ա․ 7-րդ դարի կեսերին հասարակությունն անցում է կատարում երկաթի դարի․ բրոնզե գործիքները փոխարինվում են երկաթյա գործիքներով, քանի որ երկաթե գործիքները արտաքին վտանգների դեմ պայքարելու, արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ էին ընձեռում։ Երկաթի դարում ձևավորվում են վաղ դասակարգային հարաբերությունները։ Երկաթե դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևե՝ ընդամենը երկու դար։

Հռոմեական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Statute of Autonomy of Catalonia 2006 — 2006.
  2. https://portal.cor.europa.eu/egtc/CoRActivities/Pages/Euroregion-Pyrenees-Mediterranean.aspx
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 (unspecified title)ISBN 978-84-8415-915-5
  4. Llei 35/2010, d'1 d'octubre, de l'occità, aranès a l'Aran
  5. https://libro.uca.edu/lewis/index.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալոնիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 284