Ձնահյուս
Ձնահյուս կամ հուսին[1], լեռների լանջերից գահավիժող, սողացող ձյան մեծ զանգվածակույտ[2]։ Ձնահյուսերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, դառնալով մարդկային զոհերի (մասնավորապես՝ լեռնագնացների, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդ սիրողների), ինչպես նաև ավերածությունների պատճառ։ Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։ Սրա հետևանքով մարդիկ շնչահեղձ են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։ Օդը չի կարողանում թափանցել ձյան միջով, և թթվածնի պակասից մարդիկ խեղդվում են։ Այս ամենից բացի ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու վնասվածքներ հասցնել։ Տուժածներին փրկելու համար խանգարում է նաև այն, որ ձյունը փափուկ է, և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով օգնության կանչերը մնում են անպատասխան։
Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են աշխարհի բոլոր լեռնային շրջաններում[3]։ Դրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը[4]։ Երբեմն ձնահյուսերն ունենում են մեծ և անդառնալի հետևանքներ։
1999 թվականի փետրվարին 170 հազար տոննա զանգված ունեցող ձնահյուսը ամբողջությամբ ավերեց Ավստրիայի Գալտուր ավանը, որի հետևանքով զոհվեց 30 մարդ[4]։ 2012 թվականի մարտին Աֆղանստանում ձնահյուսերի մի քանի դեպքի պատճառով ավերվեցին տներ և զոհվեց ավելի քան 100 մարդ[5]։
Լինում են ձնահյուսերով հարուստ տարիներ, երբ նրանք առաջանում են տարբեր վայրերում։ Նման տարի է եղել 1950-1951 թվականների սեզոնը, որը ստացել է «Ահաբեկման ձմեռ» անվանումը։
Առաջացման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռան լանջին տեղումների տեսքով թափված ձյունը մնում է շփման ուժի հաշվին (նրա մեծությունը կախված է մի շարք գործոններից՝ ձյան խոնավություն, լանջի թեքություն և այլն)։ Ձնահյուսը սկսում է իջնել, երբ ձյան զանգվածի ճնշման ուժը գերազանցում է շփման ուժին[6]։
Ձնահյուսերի առաջացման համար առավել նպաստավոր են 25-45° թեքություն ունեցող լանջերը, սակայն հայտնի են դեպքեր, երբ ձնահյուս է ձևավորվել նույնիսկ 15-18° զառիթափություն ունեցող լանջերում։ Ընդունված է համարել, որ 15° զառիթափության լանջին 15 սանտիմետր ձյան շերտն արդեն ձնահյուսի վտանգ է պարունակում, բայց մի շարք պայմանների առկայության դեպքում, օրինակ` երբ տաքացումներ են տեղի ունենում, գարնանային ուժեղ ճառագայթման արդյունքում, ձյունը հալվում է, և ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով առաջանում է իդեալական սառցե լանջ։ Այս դեպքում նոր ձյան առատ տեղումները ձնահյուսի առաջացման հավանականությունը մեծացնում են։
50°-ից ավելի թեքություն ունեցող լանջերում ձյան մեծ զանգված չի կուտակվում, քանի որ անընդհատ քիչ-քիչ գլորվում է ցած, սակայն ձնահյուսերի տեսանկյունից անվտանգ են համարվում մինչև 15° և 60°-ից ավելի թեքություն ունեցող լանջերը[7]։ Չնայած սրան եղել են դեպքեր, երբ ձնահյուս է առաջացել 10-15° թեքություն ունեցող, թույլ զառիթափ լանջերին[8]։
Ձյան զանգվածի սողանքի պատճառներից են նաև կլիմայական պայմանները՝ եղանակի կտրուկ փոփոխությունը (այդ թվում մթնոլորտային ճնշման տատանումները և օդի խոնավության փոփոխությունը), ձյան առատ տեղումները, անձրևները, ինչպես նաև ձյան զանգվածի վրա մեխանիկական ներգործությունը (երկրաշարժեր)։ Երբեմն ներգործող շփման և ճնշման ուժերի հարաբերական հավասարության դեպքում, ձյան մեծ զանգվածի տեղաշարժի պատճառ կարող է դառնալ նույնիսկ շատ փոքր միջամտությունը (զենքի կրակոց, կամ մի մարդու զանգվածը՝ դահուկորդ, սնոուբորդիստ)[6]։
Ձյան ծավալը ձնահյուսերում կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի։ Սակայն կյանքի համար վտանգ է ներկայացնում նույնիսկ 5 մ³ ծավալ ունեցող ձնահյուսը[9]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ձնահյուսերի դասակարգման մի քանի տարբերակներ.
- ըստ ձնահյուսի սկզբնական շարժման ձևի,
- ըստ ձնահյուսի շարժման բնույթի,
- ըստ ծավալի,
- ըստ ձնահյուսի հավաքման տեղի ռելիեֆի և շարժման ճանապարհի,
- ըստ ձյան կազմության (չոր, խոնավ և թաց ձնահյուս)։
Սրա հետ մեկտեղ ըստ ձնահյուսի սկզբնական շարժման ձևի առանձնացվում են`
- ձնահյուսեր գծից («ձյունե տախտակներ», ձնասառցային և սառցային),
- ձնահյուսեր կետից (չոր և թաց)։
Ըստ շարժման բնույթի առանձնացնում են.
- կրկեսային[10]- սողանքներ լանջի ամբողջ երկայնքով[11],
- ցատկող - երբ ձնահյուսի շարժման ճանապարհին հանդիպում են տարբեր արգելքներ (բլուրներ, մորեններ և այլն),
- խզվածքային - այս դեպքում ձնահյուսը շարժվում է բնական խզվածքային ճանապարհով (լաժբինայով)։
Որպես կանոն՝ չոր ձնահյուսերն առաջանում են նոր թափված, կամ տեղափոխված ձյան զանգվածի և նրա տակ գտնվող սառցե շերտի միջև եղած փոքր շփման ուժի պատճառով[6]։ Սովորաբար 0,02-ից մինչև 0,3 գ/սմ³[12] խտություն ունեցող, չոր ձնահյուսերի շարժման արագությունը կազմում է 20-70 մ/վ (որոշ աղբյուրներ նմանատիպ ձնահյուսերի առավելագույն արագությունը համարում են 200 կմ/ժ-ը, սակայն կան դեպքեր, երբ հասնում է մինչև 450 կմ/ժ-ի)։ Նման արագության դեպքում չոր ձնահյուսի ընթացքը կարող է ուղեկցվել ձնաօդային ալիքով, որը ավերածությունների պատճառ է դառնում։ Հոսանքի հարվածային ուժը կարող է հասնել 800 կգ/մ²։ Այս տիպի ձնահյուսի առաջացման առավել հավանական պայմանը ցածր ջերմաստիճանն է։
Թաց ձնահյուսերը սովորաբար առաջանում են անկայուն եղանակային պայմանների ֆոնին։ Նրանց շարժման անմիջական պատճառը տարբեր խտություն ունեցող ձյան շերտերի միջև առաջացած ջրային շերտն է։ Չոր ձնահյուսերի հետ համեմատած, թացերը շատ ավելի դանդաղ են շարժվում 10-20 մ/վ (մինչև 40 մ/վ), բայց ավելի խիտ են 0,3-0,4 գ/սմ³[12], երբեմն մինչև 0,8 գ/սմ³[8]։ Մեծ խտության պատճառով թաց ձնահյուսերը դադարից հետո անմիջապես ընկղմում են իրենց շրջապատը, սա դժվարացնում է փրկարարների աշխատանքը[6]։
Այսպես կոչված «ձյունե տախտակները» կարող են ձևավորվել, երբ ձյան շերտի վրա առաջանում է սառցե կեղև։ Այն առաջանում է արևի և քամու ներգործության հետևանքով։ Նման կեղևի տակ տեղի է ունենում ձյան զանգվածի ձևափոխում, առաջանում է ձավարանման շերտ, ինչի վրայով ավելի մեծ զանգված ունեցող վերևի շերտը սկսում է սահել։ Հալման և սառեցման մի քանի փուլերի հետևանքով կարող է առաջանալ նմանատիպ, բազմաշերտ գոյացություն։ Նման ձնահյուսերի առաջացման պատճառ կարող է լինել, ցածր ջերմաստիճանային պայմաններում, ձյան ինտենսիվ տեղումները։ Վերին շերտի՝ նոր ձյան շերտով հավելյալ ծանրաբեռնումը բերում է «ձյունե տախտակի» պոկվելուն։ Այսպիսի ձնահյուսերի արագությունը, որպես կանոն հասնում է 200 կմ/ժ-ի[8]։
Ձնասառցային ձնահյուսերի առաջացումը տեղի է ունենում լեռների համապատասխան հատվածներում, ձյան և սառույցի մեծ զանգվածների կուտակման հետևանքով։ Որոշակի պահի տեղի է ունենում նման զանգվածների փլուզում, որոնք ունենալով նշանակալի արագություն ուղղվում են վար։ Հաճախ նման ձնահյուսերը դասվում են «գծից», կամ ցատկող ձնահյուսերի շարքին։ Այս ձնահյուսերի խտությունը հասնում է մինչև 800 կգ/մ³-ի։ Տեղային պայմաններից ելնելով, եթե ձյան մասը քիչ է ձնահյուսում, այն գրեթե ամբողջությամբ կազմված է լինում սառցե կտորներից։ Նմանատիպ ձնահյուսն իր ճանապարհին ավերում և ոչնչացնում է ամեն բան։ Ձնասառցային ձնահյուսերը հանդիսանում են ամենաանկանխատեսելին, նրանք կարող են շարժվել օրվա տարբեր ժամերին և տարվա տարբեր սեզոններին[8]։ Շարժման ընթացքում՝ ձնահյուսը, պարտադիր չէ, որ պահպանի իր տեսակը, այն կարող է ձևափոխվել և նույնիսկ զուգակցվել։
1993 թվականից եվրոպական երկրներում գործում է ձնահյուսերի առաջացման հավանականության գնահատման համակարգ։ Լեռնադահուկային սպորտի զարգացած հատվածներում, տարբեր զբոսաշրջային վայրերում, որտեղ կա ձնահյուսի առաջացման վտանգ և մարդկանց կուտակումներ, այս գնահատման համակարգից ելնելով դրվում են համապատասխան դրոշներ, որոնք ցույց են տալիս առաջացման վտանգի հավանականությունը։
Ֆրանսիայի լեռներում՝ ձնահյուսերի հետևանքով, մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունենում 3-ից մինչև 4-րդ ռիսկային աստիճանի գոտիներում, իսկ Շվեյցարիայում 2-ից 3-րդ (ենթադրվում է, որ նման տարբերության պատճառը ազգային մեթալիտետի կամ ռիսկայնության ընկալման տարբերությունն է)[13]։ Ձնահյուսերի ձևաբանական (մորֆոլոգիական) դասակարգումն արվում է միջազգային կանոններով։
Ձնահյուսային անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձնահյուսային վտանգ ներկայացնող վայրերում դժբախտ դեպքերի և զոհերի կանխման համար անհրաժեշտ է պահպանել ձնահյուսային անվտանգության կանոնները։ Հակաձնահյուսային ծառայությունների աշխատակիցները լեռներ դուրս գալուց առաջ խորհուրդ են տալիս հաշվի առնել կանխատեսման 5 բալանոց սանդղակը, սահել խմբի հետ, առանց ձնահյուսային անվտանգության կանոնների իմացության, դուրս չգալ վտանգավոր հատվածներ։ Խիստ ցանկալի է ձնահյուսային ընդունիչ-հաղորդիչ սարքերի առկայությունը, որոնք օգնում են ձնահյուսի տակ գտնվողին գտնել[14]։ Փչովի բարձիկներ ունեցող ձնահյուսային ուսապարկերն օգնում են տուժածին դուրս գալ ձյան շերտից, ինչպես նաև նրա հետագա որոնումներին[15]։ Ձնահյուսային վտանգ ներկայացնող լանջերով քայլող զբոսաշրջային խմբի յուրաքանչյուր անդամ, պետք է գոտկատեղին կապի ձնահյուսային ժապավեն[16]։
Ձնասառցային ծածկույթի կայունության գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական ծառայությունների կարևոր խնդիրներից մեկը ձնահյուսերի տեղաշարժի առաջացման կանխատեսումն է։ Նման կանխատեսումների համար բազմաթիվ մեթոդներ են մշակվել, սակայն դրանցից ոչ մեկը չի կարելի բավարար վստահելի համարել բոլոր դեպքերի համար։ Եղանակային պայմանների անկանխատեսելիությունը, տեղանքի ռելիեֆի յուրահատկությունը, լեռնային ռելիեֆի չափազանց անհամասեռությունը դժվարեցնում են ձնասառցային ծածկույթի կայունության կանխատեսման ունիվերսալ եղանակի մշակումը։ Սակայն կան մեթոդներ, որոնք իրենց լավ են դրսևորել և կիրառվում են ամենուր։ Մնում է միայն հաշվի առնել, որ առավել հաճախ գնահատման արդյունքները կարելի է կիրառել որոշակի տարածքի վրա և որոշակի ժամանակահատվածում։ Փորձերի անցկացման վայրի բավականաչափ հեռավորությունը և ժամանակի մեջ ուշացումը կարող են արդյունքների համահարթեցման պատճառ հանդիսանալ։
Գնահատման ամենատարածված մեթոդների թվին կարելի է դասել այն մեթոդները, որոնք հիմնված են ձյան ծածկի շարժման, կազմակերպված դիտարկումների արդյունքների վերլուծության վրա։ Տվյալ տեղանքում տեղադրված սարքավորումների համակարգը տեղեկություններ է տալիս ծածկույթի շարժման արագությունների մասին, որոնց հիման վրա էլ կատարվում են եզրակացություններ։ 12 սմ/օրում արագության կամ արագության կտրուկ աճի դեպքում կարելի է սպասել ձնահյուսի տեղաշարժ։
Ձնահյուսային ծառայությունների մասնագետ-փրկարարների կողմից կիրառվող կանխատեսման ևս մեկ տարածված մեթոդ է «CRYSTALL TEST»-ը։ Այս մեթոդի էությունը տվյալ տեղամասի սառույցի բյուրեղների և ստուգողական պատկերի համեմատությունն է։ Եթե մասնագետը, տվյալ տեղանքից վերցրած ձյան շերտի մեջ հայտնաբերում է բյուրեղներ, որոնք վտանգավոր են (որոնց կառուցվածքը կնպաստի շերտի տեղաշարժին), ուրեմն արվում է հետևություն, որ այդտեղ շատ հնարավոր է ձնահյուսի տեղաշարժ։
Կիրառվում է նաև «RUTSCHBLOCK» մեթոդը։ Այն մշակվել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ Շվեյցարիայի բանակում։ Մեթոդի էությունն այն է, որ փորձն անցկացվում է այն տեղամասում, որտեղ կա ձնահյուսի տեղաշարժի վտանգ։ Դրա համար ձյան շերտից հանվում է, որոշակի ձև ունեցող մի հատված և ուսումնասիրվում է այդ հատվածի կայունությունը։ Սրա հիման վրա էլ որոշվում է ձնահյուսի վտանգավորության աստիճանը։
Վարքի կանոններ՝ ձնահյուսում հայտնվելու դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձնահյուսում հայտնվելիս պետք է անմիջապես ազատվել ուսապարկից (ծայրահեղ դեպքում կտրել ուսապարկի կապերը), դահուկներից, դահուկի փայտերից։ Պետք է ձգտել ինչքան հնարավոր է երկար մնալ ձյան զանգվածի մակերեսին, իսկ սուզվելու դեպքում, լողալու ակտիվ շարժումներ կատարելով, փորձել դուրս գալ մակերես։ Ձնահյուսի կանգ առնելուն պես, պետք է երեսի մոտ օդի պարկ բացել՝ շնչառության համար, եթե շատ խորը չի գտնվում տուժածը պետք է ձեռքը բարձրացնի ձյան մակերես, որպեսզի փրկարարների ուշադրությունը գրավի։ Խորը լինելու դեպքում անհրաժեշտ է քիչ շարժվել, էներգիան խնայելու համար։ Եթե գլուխը ձյան տակ չի, պետք է գոռալ, օգնություն կանչել, իսկ եթե ձյան տակ է՝ հակառակը՝ հակացուցված է նման բաները, որպեսզի ձյունը չներթափանցի շնչող օրգաններ։ Բացի այդ, ըստ ձնահյուսերից փրկվածների և փրկողների ներկայացրածի ձյան տակից գոռոցները չեն լսում դրսում գտնվողները[16]։
Կործանարար ձնահյուսերի առաջացման կանխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրերի, զբոսաշրջային շրջանների և տարբեր հաղորդակցման ուղիների համար վտանգ ներկայացնող ձնահյուսերի առաջացման զգուշացմամբ զբաղվում են մասնագիտացված ծառայությունները։ Մասնավորապես Ռուսաստանում, այդ հարցերով զբաղվում է հակաձնահյուսային ծառայությունը, որը մտնում է Ռուսհիդրոմետի կազմի մեջ։ Մարդկանց համար վտանգ ներկայացնող ձնահյուսերի առաջացման կանխարգելման համար իրականացվում են մի շարք ձնահյուսային անվտանգության մասնագիտացված միջոցառումներ, որոնք ներառում են հակաձնահյուսային պաշտպանության կանոների ակտիվ և պասիվ միջոցառումներ[17][18]։
Հակաձնահյուսային պաշտպանության ակտիվ միջոցառումների շարքին է դասվում, երբ փորձում են արհեստականորեն միջամտել ձնահյուսի տեղաշարժին, ինչը նվազագույնի կհասցնի սպասվելիք վնասը։ Այս նպատակով վաղուց կիրառվում էին հրանոթային զինատեսակներ՝ արկեր, ինչպես նաև դատարկ կրակոցներ էր արձակվում ուժեղ արձագանք ստեղծելու համար, ինչն էլ իր հերթին՝ ձնահյուսի տեղաշարժի պատճառ էր հանդիսանում։ Հնուց օգտագործվող մեթոդներից է նաև, դահուկների միջոցով ձյան զանգվածների կտրումը, սակայն այս եղանակը լուրջ ունակություններ է պահանջում և վտանգավոր է։ Ձնահյուսերի բացասական հետևանքների վերացման համար ավելի ժամանակակից մեթոդ է համարվում ակտիվ դինամիկական հակաձնահյուսային ներգործությունը, որն իրենից ներկայացնում է ձնահյուսային շրջաններում տեղադրվող հեռակառավարվող սարքավորում։ Սրանով ներգործում են ձյան զանգվածի վրա, կամ սեղմված օդի կամ գազաօդային միացության պայթեցման միջոցով (ֆրանսիական Gazex համակարգ)։
Հակաձնահյուսային պասիվ գործողություններին է դասվում ձնահյուսի տեղաշարժի արգելումը, կամ նրա ուղղության փոփոխությունը։ Նման միջոցառումներից է հակաձնահյուսային արգելապատնեշների, ամբարտակների կառուցումը։ Ավտոճանապարհների և երկաթուղիների հատվածներում սարքում են ձնահյուսերից պաշտպանման համար հատուկ սրահներ։
ԽՍՀՄ-ում առաջին ձնահյուսային կանխատեսման կայանը «Ապատիտը» կազմակերպվել, նախաձեռնվել է 1936-1937 թվականների ձմռանը Խիբինախում[19][20]։ Սա եղավ այն բանից հետո, երբ 1935 թվականի դեկտեմբերի 5-ին ձնահյուսերից զոհվեցին 88 մարդ։ 1950-ական թվականներից սկսած ձնահյուսերի կանխատեսմամբ սկսեցին զբաղվել հատուկ ստեղծվող ձնահյուսային կայանները։ Սկզբնական շրջանում ստեղծվել են Միջին Ասիայում (Դուկանտ 1958 թվականից, Նաուգարզան 1959 թվականից, Կիզիլչա 1961 թվականից)։ 1970-ականներից նման կայաններ առաջացան նաև Կարպատներում, իսկ 1980 ականներին ԽՍՀՄ-ի պետհիդրոմետի կազմում կային արդեն 50 կայաններ[21]։
- Ձնահյուսային պիտույքներ
Ձնահյուսային պիտույքներն են՝ ձնահյուսային բահերը, ձնահյուսային սենսորները, ձնահյուսային զոնդերը, ձնահյուսային ուսապարկերը։
Ձնահյուսերի ուսումնասիրություն և հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայում գործում է ձյան և ձնահյուսերի հետազոտության Շվեյցարական ֆեդերալ ինստիտուտը (WSL Institute for Snow and Avalanche Research SLF)։ Ֆրանսիայում գործում է ձյան և ձնահյուսերի հետազոտության Ազգային ասոցիացիա (Association Nationale pour l’Étude de la Neige et des Avalanches)։ ԱՄՆ-ում գործում է Ամերիկյան ձնահյուսային ասոցիացիա (American Avalanche Association), իսկ Իտալիայում՝ Իտալիայի ձնահյուսային ծառայություն (Servizio Valanche Italiano)։
Ձնահյուսերից զոհված կամ այնտեղ հայտնված մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև հիշատակված են այն մարդիկ (խմբեր), ովքեր զոհվել են ձնահյուսերի հետևանքով կամ հայտնվելով ձնահյուսի տակ փրկվել են, նաև նրանք, ովքեր ենթադրվում է, որ զոհվել են ձնահյուսում հայտնվելու հետևանքով։ Տրվում է ձնահյուսի տեղաշարժի տեղն ու ժամանակը։
- Բոզոն Շարլ — 1964 թվական հուլիսի 7, Մոնբլան։ Զոհվել է։
- Մեչիսլավ Կարլովիչ — 1909 թվական փետրվարի 8, Տատրի։ Զոհվել է։
- Մորո Սիմոնե — 1997 թվական, Աննապուրնա։ Փրկվել է, սակայն նրա ուղեկցորդները չեն գտնվել, հավանաբար զոհվել են։
- Նակայամա Մասատոսի — 1971 թվական, Ճապոնական Ալպեր։ Փրկվել է։
Ձնահյուսերից տուժած բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենգեն — 1770 թվական, զոհվել է 8 մարդ։
- Ֆլատեյրի — 1995 թվականի հոկտեմբեր, 20 մարդ։
- Գալտյուր — 1999 թվականի փետրվարի 23, 30 մարդ։
- Դարվազ, Աֆղանստան — 2012 թվականի մարտ, 100-ից ոչ քիչ մարդ։
- Հոկտեմբերյան (Սախալինի շրջան) — 1945 թվական, 130 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռուս-հայերեն բառարան, Արարատ Սահակի Ղարիբյան - лавины». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Ձնահյուս - Հայաստանի Լեզվի կոմիտե
- ↑ «Снеголавинные ресурсы во всемирной сети». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Лавинный гид
- ↑ «45 человек стали жертвами лавины на востоке Афганистана». // russian.news.cn. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Андрей Садаков. «Мировой опыт противолавинной защиты» (PDF). // Горнолыжная индустрия России, № 4, 2009 г. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ Лавиноопасные районы Советского союза.- М.: Изд-во МГУ, 1970
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Гражданская защита», Январь, 2009 год. В. Якшин «Виды лавин», էջ 15-17.
- ↑ Отуотер М. Охотники за лавинами.- М.: Мир, 1972
- ↑ http://bse.slovaronline.com/О/ОС/26171-OSOVY
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 12,0 12,1 География лавин// Под ред. С. М. Мягкова, Л. А. Канаева.- М., издательство МГУ, 1992
- ↑ «An Analysis of French Avalanche Accidents for 2005—2006» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Лавины: советы по безопасности». // doskimag.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ Артем Оганов. «Лавинные рюкзаки». // life.ice-age.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ 16,0 16,1 Лукоянов П. И. Безопасность в лыжных походах и чрезвычайных ситуациях зимних условий. — М.: ЦДЮТур, 1998. — 142 с.
- ↑ «Росгидромет. О нашей службе». // meteorf.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Постановление Правительства РФ от 11.05.1993 N 443 "О создании противолавинной службы"». // bestpravo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ Лосев К.С. Предупреждение и прогнозы // По следам лавин. — Л.: Гидрометеоиздат, 1983.
- ↑ «Катастрофические и особо крупные лавины». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Канаев Л.А. Белые молнии гор. — Л.: Гидрометеоиздат, 1987.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- McClung, David. Snow Avalanches as a Non-critical, Punctuated Equilibrium System: Chapter 24 in Nonlinear Dynamics in Geosciences, A.A. Tsonsis and J.B. Elsner (Eds.), Springer, 2007
- Daffern, Tony: Avalanche Safety for Skiers, Climbers and Snowboarders, Rocky Mountain Books, 1999, 0-921102-72-0
- Billman, John: Mike Elggren on Surviving an Avalanche. Skiing magazine February 2007: 26.
- McClung, David and Shaerer, Peter: The Avalanche Handbook, The Mountaineers: 2006. 978-0-89886-809-8
- Tremper, Bruce: Staying Alive in Avalanche Terrain, The Mountaineers: 2001. 0-89886-834-3
- Munter, Werner: Drei mal drei (3x3) Lawinen. Risikomanagement im Wintersport, Bergverlag Rother, 2002. 3-7633-2060-1 (de) (partial English translation included in PowderGuide: Managing Avalanche Risk 0-9724827-3-3)
- Michael Falser: Historische Lawinenschutzlandschaften: eine Aufgabe für die Kulturlandschafts- und Denkmalpflege In: kunsttexte 3/2010, unter: Historische Lawinenschutzlandschaften: eine Aufgabe für die Kulturlandschafts- und Denkmalpflege
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Center for Snow and Avalanche Studies
- Ձնահյուսերի մասին http։//www.avalanches.fr/ կայքում (ֆր.)
- http://www.avalancheassociation.ca Արխիվացված 2020-10-21 Wayback Machine
- Colorado Avalanche Information Center (անգլ.)
- New Zealand Avalanche Centre (անգլ.)
- US Avalanche.org (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնահյուս» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |