1256 թվականից եղել է Հուլավու խանի անձնական խորհրդականն ու դպիրը։ Նասրեդդին Թուսի ղեկավարությամբ կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը, կազմվել են աստղացուցակներ (Էլխանյան կամ Իլխանյան աղյուսակներ), որոնք պարունակում են նաև Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությունում Նասրեդդին Թուսը ցույց է տվել, որ Էվկլիդեսի զուգահեռ ուղիղների պոստուլատը կապված է եռանկյան անկյունների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափությունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նաև երկրաբանությանը, բժշկությանը, տրամաբանությանը, բարոյագիտությանը, պոեզիային վերաբերող աշխատություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 183)։