Jump to content

Սայդինգ Սփրինգի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայդինգ Սփրինգի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էSkyMapper?, Siding Spring 2.3 m Telescope?, UK Schmidt Telescope? և Faulkes Telescope South?
Մասն էWarrumbungle National Park?
Աստղադիտարանի կոդ413
Երկիր Ավստրալիա
ՎայրՆոր Հարավային Ուելս
ԲԾՄ1165 մետր
Կայքsidingspringobservatory.com.au
 Siding Spring Observatory Վիքիպահեստում

Սայդինգ Սփրինգի աստղադիտարան (անգլ.՝ Siding Spring Observatory, ՄԱՄ կոդը՝ 413), գտնվում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կունաբարաբրան քաղաքի մոտ, կազմում է Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) Աստղագիտության և աստղաֆիզիկայի հետազոտումների բաժնի (RSAA) մաս։ Աստղադիտարանում է տեղադրված Անգլո-Ավստրալիական աստղադիտակը (ԱԱԱ), ինչպես նաև մի շարք այլ աստղադիտակներ որոնք պատկանում են Ավստրալիայի ազգային համալսարանին (ԱԱՀ), Նոր Հարավային Ուելսի համալսարանին և այլ կառույցներին։ Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 1165 մետր բարձրության վրա, Վարումբանգլ ազգային պարկում Վուրատ լեռան վրա, այս լեռը նաև անվանում են Սայդինգ Սփրինգ լեռ։

Աստղադիտարանում տեղակայված սարքավորումների արժեքը գնահատվում է ավելին քան 100 միլիոն ավստրալիական դոլար[1]։ Այստեղ տեղակայված են ավելին քան 50 աստղադիտակներ, դրանցից որոշները գործող չեն։

1924 թվականին Ավստրալիայի կառավարությունը հիմնեց Մաունթ Ստրոմլո աստղադիտարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աստղագիտական հետազոտությունների ուղղվածությունը փոխվեց արևային հետազոտություններից դեպի աստղերի հետազոտություններ։ 1953-ից 1974 թվականները աստղադիտարանի 1,9 մ աստղադիտակը հանդիսանում էր Ավստրալիայում գտնվող ամենամեծ օպտիկական աստղադիտակը։

Արդեն 1950-ական թվականներին Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի Կանբերրա քաղաքի փողոցային լույսերը լուսավորում էին Մաունթ Ստրոմլոյի երկինքը, այնքան, որ խոչնդոտում էին աստղագիտական հետազոտությունները։ Նոր աստղադիտարանի տարածքի որոնումը ստանձնեց Բարտ Բոկը։ Որոնումների արդյունքներում առաջ քաշվեցին երկու հնարավոր տեղաբաշխումներ - Սայդինգ Սփրինգ և Մաունթ Բինգար (կրկին Նոր Հարավային Ուելս նահանգի Գրիֆիթ քաղաքի մոտ)[2]։ Սայդինգ Սփրինգը առաջարկվեց Հարլեյ Վուդի կողմից, ով այդ ժամանակ Նոր Հարավային Ուլես նահանգի կառավարության աստղագետն էր։ Տեղանքի ստուգումը իրականացրեց Արթուր Հոգը։

Սայդինգ Սփրինգը ընտրվեց Ավստրալիայի ազգային համալսարանի կողմից 1962 թվականին, հիմնականում մութ և մաքուր երկնքով գիշերների պատճառով։ 1960-ականների կեսին ԱԱՀ-ն տեղադրեց այստեղ արդեն երեք աստղադիտակ, օժանդակ կառույցների հետ միասին։ 1984 թվականին Ավստրալիայի վարչապետ Բոբ Հոուկը բացեց ԱԱՀ-ի ամենամեծ աստղադիտակը՝ 2,3 մ ապերտուրով աստղադիտակը, որը տեղակայված էր հասարակ պտտվող խորանարդաձև գմբեթում։

1950-ականներից սկսած Սայդինգ Սփրինգի զարգացումներից անկախ, բրիտանական և ավստրալիական կառավարությունները սկսել էին բանակցել շատ մեծ աստղադիտակի կառուցման շուրջ։ Երբ այս բանակցությունները ավարտվեցին 1969 թվականին, Սայդինգ Սփրինգ աստղադիտարանի ենթակառուցվածքները արդեն իսկ կառուցված էին և այն փաստորեն հանդիսացավ ակնհայտ տեղ այդ հսկայական աստղադիտակի տեղադրման համար։

Անգլո-Ավստրալիական աստղադիտակի կառուցման ընթացքում, վաղ 1970-ականներին, բրիտանական Գիտության և ճարտարագիտության հետազոտության խորհուրդը նաև կառուցեց այստեղ Շմիդտի աստղադիտակ, որը գտնվում է ԱԱԱ-ի գմբեթից 1 կմ հյուսիս-արևելք։ Շմիդտի աստղադիտակի համեմատաբար մեծ տեսադաշտը օժանդակում է ԱԱԱ-ի նեղ տեսանկյունը, և հնարավորություն ընձեռնում դիտարկել երկնքի ավելի մեծ հատվածներ համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում։ Հետաքրքրության արժանի մարմինները որոնք հայտնաբերվում են փոքր աստղադիտակով, դրանից հետո հետազոտվում են ավելի մեծ գործիքով։ 1987 թվականին Շմիդտի աստղադիտակը միձուլվեց ԱԱԱ-ի հետ։

Սայդինգ Սփրինգ աստղադիտարանում են տեղակայված նաև աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների ատղադիտակներ, այս երկրների ցանկը ներառում է Կորեան, ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Հունգարիան, Գերմանիան և Ռուսաստանը։ 1990 թվականին փակվեց Թագավորական Գրինվիչի աստղադիտարանի Երկրի արբանյակների հետևման գործիքը, որը գործում էր 10 տարիների ընթացքում։

2012 թվականին բացվեց առաջին ինտերնետով հանրությանը հասանելի աստղադիտարանը՝ iTelescope.Net-ը, ավելին քան 25 աստղադիտակներով, որոնք տեղադրված են մեծ հավաքվող տանիքի տակ, և գտնվում են Շմիդտի աստղադիտակին մոտ։

2013 թվականի անտառային հրդեհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 13-ին աստղադիտարանի շինությունները հայտնվեցին հսկայական անտառային հրդեհից վնասվելու վտանգի տակ։ Տասնութ աստղադիտարանի աշխատակիցներ տարհանվեցին Կունաբարաբրան։ Երեք աստղադիտարանի շինություններ քանդվեցին. այցելող գիտնականների համար նախատեսված մասնաշենքը, տնօրենի քոթեջը և հակահրդեհային կայանը[3][4]։ Հրդեհից պաշտպանման միջոցառումների արդյունքում հաջողվեց փրկել աստղադիտակները[1]։ Չնայած այն հանգամանքին, որ ծուխը, մոխիրը և այլ օդածին աղբ ներխուժեց որոշ աստղադիտակների գմբեթներ, բոլոր աստղադիտակները հաջողվեց փրկել կրակից։ Առաջին վերագործարկված աստղադիտակներն էին iTelescope հեռահար աստղադիտարանի սարքերը, արդեն իսկ հոընվարի 20-ին։ Անգլո-Ավստրալիական աստղադիտակը նորից սկսեց աշխատել նորմալ ռեժիմով 2013 թվականի փետրվարի կեսից[5]։

Աստղադիտարանի տարածքում կա այցելությունների համար նախատեսված տարածք և ցուցահանդես բաց երկնքի տակ, որտեղ նաև գործում է սրճարան և հուշանվերների խանութ։ Դպրոցական արձակուրդների ժամանակ աստղադիտարանում գործում են նաև տուրեր։ 15 անձից ավելին խմբերը կարող են դիմել աստղադիտարանում տուրի կամ ավտոբուսային տուրի։

Ամեն տարվա հոկտեմբեր ամսին կազմակերպվում է Բաց դռների օր, որի ժամանակ առաջարկվում են դասախոսություններ աստղագիտության մասին և տուրեր շատ աստղադիտակների գմբեթներ, որոնք բաց են այցելության համար միայն այս օրը։ Այս տուրերը կազմակերպվում են 3,9 մ Անգլո-Ավստրալիական աստղադիտակի, 1,24 մ Շմիդտի աստղադիտակի, iTelescope.Net ցանցի աստղադիտակերի, Սայդին Սփինգ 2,3 մ աստղադիտակի և 2 մ Ֆոլկս հարավ աստղադիտակի կառույցներ։

Աստղադիտակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 3,9 մ Անգլո-Ավստրալիական աստղադիտակ (Ավստրալիական աստղադիտարան), աշխատում է 1974 թվականից
  • 1,24 մ Շմիդտի աստղադիտակ (Ավստրալիական աստղադիտարան)
  • 2 մ Ֆոլկս հարավ աստղադիտակ (Լաս Կումբրես աստղադիտարան)
  • 1,3 m SkyMapper աստղադիտակ (Ավստրալիայի ազգային համալսարան), 2009 թվականին սկսելով գործել դարձել է առաջին օպտիկական հետազոտական սարքը Ավստրալիայում սկսած 1984 թվականից[6]։
  • 2,3 մ Առաջավոր տեխնոլոգիայի աստղադիտակ (Ավստրալիայի ազգային համալսարան), կառուցվել է 1984 թվականին
  • Բազմաթիվ – iTelescope.Net (iTelescope ցանց), ինտերնետի կապով հեռահար կառավարվող աստղադիտակներ հանրության կողմից ազատ կիրառման համար։ Կառուցվել են 2013 թվականին։
  • 4 x 0,4 մ PROMPT աստղադիտակներ (Հյուսիսային Կառոլինայի համալսարան), Կառուցվել են 2013 թվականին։
  • HAT-հարավ աստղադիտակների ցանց (Ավստրալիայի ազգային համալսարան, Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոն, Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտ) - 8 x 0,2 մ աստղադիտակներ
  • SOLARIS աստղադիտակ (Նիկոլայ Կոպեռնիկոսի աստղագիտական կենտրոն – Լեհաստան։ Կառուցվել է 2012 թվականին)
  • 0,5 մ Շմիդտի աստղադիտակ (Ավստրալիայի ազգային համալսարան – չի գործում 2013 թվականից)
  • 0,5 մ Ավոմատացված հսկող աստղադիտակ (Նոր Հարավային Ուելսի համալսարան – չի գործում 2012 թվականից)
  • 0,45 մ ROTSE IIIa, Օպտիկական տեղափոխման որոնման ռոբոտացված փորձ (Նոր Հարավային Ուելսի համալսարան)
  • ՃԱՏԳ (Ճապոնական ավիատիեզերական գործակալություն) աստղադիտակներ
  • 100 սմ աստղադիտակ (Ավստրալիայի ազգային համալսարան), գործարկվել է 1963 թվականին, այժմ տեղափոխվել է Միլռոյի աստղադիտարան սիրող աստղագետների կողմից օգտագործման համար[7]
  • 61 սմ աստղադիտակ (Ավստրալիայի ազգային համալսարան – չի գործում)
  • 41 սմ աստղադիտակ (Ավստրալիայի ազգային համալսարան)
  • 1,6 մ Կորեական միկրոլինզաներով աստղադիտակների ցանց (KMTNet)

Դիտարկումների ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անգլո-Ավստրալիական Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտությունը» օգտագործել է 1,24 մ Շմիդտի աստղադիտակը 1990-ից 1996 թվականներին[8]։ Նույն աստղադիտակն է օգտագործել Ռադիալ արագության փորձ հետազոտության շրջանակներում։

Երկրին մոտեցող աստերոիդների որոնման Սայդինգ Սփրինգ հետազոտությունը (փակվել է 2013 թվականին) օգտագործել է 0,5 մ Շմիդտի աստղադիտակը[9]։

2dF Գալակտիկայի կարմիր շեղման հետազոտությունը, որը գալակտիկայի հետազոտման ամենալայնածավալ նախագծերից էր, օգտագործել է 3,9 մ Անգլո-Ավստրալիական աստղադիտակը 1995-ից 2002 թվականը[10]։

Հայտնաբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայդինգ Սփրինգում է հայտնաբերվել 1977 թվականին Վելա պուլսարը։ Աստղադիտարանում հայտնաբերված գիսաստղերից են 1986 թվականին Մալքոլմ Հարթլիի կողմից հայտնաբերված 103P/Հարթլի գիսաստղը[11], Ռոբերտ ՄաքՆոտի կողմից 2007 թվականի օգոստոսի 8-ին Շմիդտի աստղադիտակով հայտնաբերված C/2006 P1 գիսաստղը[12] և նույն ՄաքՆոթի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 19-ին հայտնաբերած C/2013 A1 գիսաստղը, որը չափազանց մոտ է անցել Մարսի մոտով[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Bushfire hits Australia's largest observatory». Australian Geographic. 2013 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  2. Haynes, Raymond; Roslynn D. Haynes; David Malin; Richard McGee (1996). Explorers of the Southern Sky: A History of Australian Astronomy. 0521365759. էջ 175. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  3. Lewis, Rosie; Edwards, Harry (2013 թ․ հունվարի 14). «Siding Spring Observatory survives raging bushfire». The Australian. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին. «key scientific facilities at Siding Spring, in northern NSW, look to have escaped major damage from the blaze»
  4. «Fire risk – Information for ANU staff and students». Australian National University. 2013 թ․ հունվարի 15. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  5. «Siding Spring Observatory reopens». ANU. 2013 թ․ ապրիլի 8. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «SkyMapper to chart southern sky». The West Australian. West Australian Newspapers. 2009 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  7. «Observations in Coonabarabran». ABC Western Plains. Australian Broadcasting Corporation. 2012 թ․ ապրիլի 5. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  8. Dymock, Roger (2010). Asteroids and Dwarf Planets and How to Observe Them. Springer. էջ 81. ISBN 1441964398. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  9. Safi, Michael (2014 թ․ հոկտեմբերի 20). «Earth at risk after cuts close comet-spotting program, scientists warn». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «Galaxy Survey Reveals Missing Cosmic Link». ScienceDaily. ScienceDaily LLC. 2005 թ․ հունվարի 12. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  11. Klaus Schmidt (2010 թ․ նոյեմբերի 3). «The Man Behind Comet Hartley 2». The International Space Fellowship. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  12. Joe Rao (2007 թ․ հունվարի 12). «The Great Comet of 2007: Watch it on the Web». Space.com. TechMediaNetwork.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  13. «MPEC 2013-A14 : COMET C/2013 A1 (SIDING SPRING)». IAU Minor Planet Center. 2013 թ․ հունվարի 5. (CK13A010)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]