Jump to content

Սուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուգ

Սուգ, զգացմունքի արտաքին դրսևորում տխուր իրադարձության կամ դրա հետ կապված հիշողության առթիվ։ Դեռևս նախնադարում գոյություն են ունեցել հանգուցյալին սգալու ծիսակարգեր, որոնք կապված են եղել հիմնականում կրոնական պատկերացումներին (անդրաշխարհ, հանդերձյալ կյանք և այլն)։ Հին ժողովուրդների սովորույթների համաձայն՝ սուգը հանգուցյալի մարմնի մոտ արտահայտվել է տխուր երգերով, լացով, որոնք քրիստոնեական եկեղեցին փոխարինել է հոգեհանգստով ու մահերգերով։ Զարգացած շատ ժողովուրդների մոտ սուգը արտահայտվում է սևազգեցությամբ, ի նշան այն բանի, որ հանգուցյալին սգացողները որոշակի սահմանված ժամանակամիջոցում հրաժարվում են ուրախությունից և կենսական վայելքներից։ Հին Ատտիկայում անձնական սուգը տևել է 30 օր, իսկ Սպարտայում ավարտվել է 12-րդ օրը՝ Դեմետրին մատուցված զոհով։ Հին Հունաստանում և Արևելքի մի շարք երկրներում, իբրև սգո նշան, սափրել են գլխի մազերն ու մորուքը, Հին Հռոմում, հակառակը, թողել են երկար մորուք ու մազեր, մի շարք ժողովուրդներ էլ գլուխներին մոխիր են շաղ տվել, խոշտանգել իրենց մարմինը և այլն։ Հին Արևելքի մի շարք երկրներում սուգն ընթացել է հատուկ վարձվող լալկան կանանց ձայնակցությամբ։ Հին հույներն ու հռոմեացիները սգո նշան են համարել սև և մուգ գույները, եգիպտացիները՝ դեղինը, չինացիները՝ սպիտակը, կապույտը կամ գորշը։ Նախաքրիստոնեական Հայաստանում նույնպես հուղարկավորություններն ընթացել են սուգի ընդգծված դրսևորումներով, եղերամայրեր (եդանակամայրեր) կոչվող ողբասաց կանայք կատարել են եղերերգեր, իսկ նրանց ձայնակցել է ձայնարկու կամ լալկան կանանց խումբը՝ ողբերգական նվագի ու պարերի ուղեկցությամբ։ Հայ հին գրականության մեջ հիշատակված են սգո ծիսակարգի բազմաթիվ տարրեր (լաց, կոծ, աղաղակ, կուրծք ծեծել կամ ծվատել, հանդերձանքը պատառոտել, մերկամարմին պարել, եղերամոր գլխավորությամբ անպարկեշտ ցույցեր սարքել, մազերը փետել, մարմինը խոշտանգել և այլն)։ Հնում սգո արտառոց արտահայտություններից է եղել հատուկ սրվակներում արցունք հավաքելու և հանգուցյալի գերեզմանում զետեղելու սովորույթը։ Քրիստոնեության ընդունումից ( Ք.ա.301 թվականին) հետո եկեղեցին հատուկ կանոններով արգելել է հեթանոսական այդ սովորույթները։ Սգո շատ սովորույթներ, ենթարկվելով ընթացիկ մի շարք ձևափոխությունների, պահպանվում են նաև մեր օրերում՝ համեմատաբար զուսպ ձևերով։ Ցեղասպանությունների, արհավիրքների, աղետների, ազգ․ խոշոր գործիչների մահվան առթիվ սուգը հաճախ կրում է համաժողովրդական բնույթ, սահմանվում են սգո տարեդարձի օրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 177