Տիգրան Դ (մ. թ. ա. 35 - 1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։
Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած[1]։
↑«ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։