Րաֆֆի Պարույր Արմենյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արմենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Րաֆֆի Պարույր Արմենյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1942[1] (82 տարեկան) Կահիրե, Եգիպտոս |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Պարգևներ |
Րաֆֆի Պարույր Արմենյան (հունիսի 4, 1942[1], Կահիրե, Եգիպտոս), կանադահայ կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար։
Ուսման տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Հակառակ իբրև դաշնակահար ունեցած իր հաջողություններին, Լոնդոնում հետևում է մետաղաձուլական ինժեների մասնագիտություն։ Հետո վերադառնում է Վիեննա, ուր նա կատարելաֆործվում է իբրև կոմպոզիտոր, նվագավար, խմբավար։
Ստեղծագործական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966-1967 թթ. Հաջորդաբար Բեռլինում մասնակցում է Հերբերտ Ֆոն-Կարայանի անվան նվագավարական մրցույթին, շահում 2-րդ մրցանակը։ Այնուհետև տեղափոխվում է Կանադա։ Աշխատում է «Ատլանտիկ» սիմֆոնիկ նվագախմբում, իսկ 1969 թվականին «Կլիգեն» օպերային ընկերության նվագախմբով համերգային շրջագայություն կատարում ԱՄՆ-ում և Կանադայում։ 1972 թվականին հաստատվում է իբրև Քիչնր Վատերլոուի, իսկ 1974 թվականին նաև Ստատֆորդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու նվագավար։ 23 տարի Քիչնր-Ստատֆորդ նվագախմբերի հետ աշխատանքով Արմենյանն այդ գրեթե ինքնագործ նվագախմբերն հասցրել է այնպիսի մասնագիտացված մակարդակի, որ նախապես 400 ունկնդիր ունեցող նվագախմբի ունկնդիրների թիվը հասել է 8500-ի։ Այսպիսի բացառիկ արդյունքը կառավարությանն ստիպում է կառուցել մի նոր համերգասրահ, որն իր հարմարություններով ծառայում է նաև օպերային թատրոն։ Եվ այդ թատրոն-սրահը կոչվում է Արմենյան անունով, միաժամանակ Արմենյանը պարգևատրվել է Կանադայի բարձրագույն շքանշանով՝ անգլ.՝ «Orden of Canada»: Սիմֆոնիկ նվագավարը, որի հայտագրում ընդգրկված են Մոնտեվերդիից մինչև Առնոլդ Շյոնբերգ, Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Յոհաննես Բրամս, Յոհան Շտրաուս, մեկնաբանել է նաև հայ ազգային երաժշտությունը։ 1981 թվականին Դետրոյտում՝ Միչիգանի օպերային թատրոնի արտիստական կազմով պատրաստել և հինգ անգամ ներկայացրել է «Անուշ»-ը՝ Ժիրայր Փափազյանի թարգմանությամբ և բեմադրությամբ։ Նա կարծում է, որ բոլոր երեխաներին 5-6 տարեկանից պետք է մղել դեպի երաժշտությունը։
Երեխաներն այն պիտի սովորեն իբրև լեզու՝ միջազգային լեզու, քանզի աշխարհի փրկությունը երաժշտությունն է։ - Րաֆֆի Պարույր Արմենյան
|
Րաֆֆին Երևան է եկել 1994 թվականի դեկտեմբերին՝ ղեկավարելով Գուստավ Մալերի առաջին սիմֆոնիան, Շումանի թավջութակի կոնցերտը։ 1995 թվականին կրկին Երևանում հանդես է գալիս երկու համերգով՝ ծրագրում ունենալով Պյոտր Չայկովսկու 4-րդ ու Բեթհովենի 5-րդ սիմֆոնիաները, Յոհաննես Բրամսի «Ակադեմիական նախերգանքը», Շտրաուսի Իրիկնային չորս երգը (մեներգչուհի՝ Հասմիկ Հացագործյան), Բեթհովենի դաշնամուրային 4-րդ կոնցերտը (մենակատար՝ Անահիտ Ներսիսյան)[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ https://www.gg.ca/fr/distinctions/recipiendaires/146-49
- ↑ Ցիցիլիա Բրուտյան, «Հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները», Երևան, 1996
- ↑ Րաֆֆի Արմենյանի կենսագրությունը կանադական հանրագիտարանում
|