Ֆունկցիայի գրաֆիկ
Ֆունկցիայի գրաֆիկ, ֆունկցիոնալ կախվածության երկրաչափական պատկեր հարթության վրա։ f(x) ֆունկցիայի գրաֆիկ հարթության այն կետերի բազմությունն Է, որոնց կոորդինատները բավարարում են y = f(x) հավասարմանը։ Հարթության վրա կոորդինատական համակարգի ընտրությունից կախված, ֆունկցիան կարող է ունենալ տարբեր գրաֆիկներ։
Սահմանում։ Ֆունկցիայի գրաֆիկ է կոչվում կորդինատային հարթության բոլոր այն կետերի բազմությունը, որոնց աբսցիսները հավասար են արգումենտի արժեքներին, իսկ օրդինատները՝ ֆունկցիայի համապատասխան արժեքներին
Ֆունկցիայի գրաֆիկի միջոցով՝ ըստ արգումենտի արժեքի հնարավոր է գտնել ֆունկցիայի համապատասխան արժեքները։ Կարելի է նաև լուծել հակադարձ խնդիրը. ֆունկցիայի նշված արժեքով գտնել արգումենտի այն արժեքները, որոնց նա համապատասխանում է։ Գրաֆիկով հնարավոր է ակնառու պատկերացում կազմել մեծությունների միջև կախվածությունների մասին։ Այդպես՝ օդի ջերմաստիճանի գրաֆիկով հնարավոր է իմանալ, թե երբ է ջերմաստիճանը հավասարվել զրոյի, բարձր եղել զրոյից, ցածր է եղել զրոյից, աճել, նվազել և այլն։ Գործնականում հաճախ են օգտագործում այս կամ այն գործընթացի գրանցման ինքնաշխատ սարքեր (օրվա ընթացքում մթնոլորտային ճնշման փոփոխություն, օրվա ընթացքում ծովի մակարդակի փոփոխություն, օրվա ընթացքում կայքի այցելուների թվի փոփոխություն, և այլն)։ Այդ սարքերը գծում են համապատասխան ֆունկցիոնալ կախվածությունների գրաֆիկները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 205)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆունկցիայի գրաֆիկ» հոդվածին։ |