Jump to content

Արդահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Արդահան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասԱրևելյան Անատոլիա
ՀամայնքԱրդահանի մարզ, Կարսի մարզ և Eyalet of Childir?
ԲԾՄ1811 մետր
Բնակչություն41 770 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ75000
Ավտոմոբիլային կոդ75
Պաշտոնական կայքardahan.bel.tr
Արդահան (Թուրքիա)##
Արդահան (Թուրքիա)

Արդահան, Արդահան, Արտան, Արտանի, Արտատաքան Հուր, Քաջատուն, Քաշաց բերդ, Քաջաց ցիխե, Քաջաց քաղաք, Քաջթաքալաքի - Քաղաք Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Արդահան գավառում, հետագայում՝ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Արդահանի գավառում, Կուրի վերին հոսանքի շրջանում մի լայնատարած դաշտի արևելյան ծայրամասում, բարձրաբերձ լեռների ստորոտում, մոտ 1800 մ բարձրության վրա։ Ունի լեռնային ցուրտ կլիմա, ձմեռը տևում է 7-8 ամիս։ Հարավային մասում կա արհեստական լճակ, շրջակայքում՝ կաղնու անտառներ։

IX դարում մտել է Արտանուջի Բագրատունյաց իշխանության մեջ։ 9-11-րդ դարերում Արդահանն առևտրական հանգույց էր արաբական խալիֆայության մեջ մտնող երկրներից դեպի Մերձսևծովյան երկրամասերը ձգվող առևտրաուղու վրա։ Արաբ պատմիչ Յահյա Անտիոքացու (XI դար) վկայությամբ, բյուգանդական զորքերը 1021 թ.-ին ավերել են Արդահանի գավառը, կոտորել բնակչությանը։ 1230-ական թթ․ քաղաքը գրավել են թաթար-մոնղոլները։ 1266 թ.-ից Արդահանը մտել է Սամցխե- Սաաթաբագո վրացական իշխանության մեջ։ 1555 թ.-ից, երբ Սամցխե-Սաաթաբագոն նվաճվեց օսմանյան Թուրքիայի կողմից, Արդահանը մտավ Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության Արդահան սանջակի մեջ։ Թուրք ուղեգիր էվլիյա Չելեբին (1611—1679) անձամբ եղել է Արդահանում (1640-ական թթ․) և գրել, որ Ա-ի «բերդն անառիկ մի ժայռի վրա է․ ունի քառակուսի ձև և ամրակուռ է․․․ Այս բերդը ցուրտ կլիմա ունի և այդ պատճառով այգիներ ու պարտեզներ չկան։ Պտուղները ստացվում են Աջարա բերդից և Թորթումից» (էվլիյա Չելեբի, 1967, էջ 113)։ Այնուհետև նշում է, որ Արդահանի բնակիչները կրոնասեր և պանդխտասեր մարդիկ են, զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, մի մասն էլ վաճառականներ են։

1828—1829 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից առաջ Արդահանն ուներ մոտ 400 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Նրանց զգալի մասը գաղթեց Ռուսաստան։ 1877—1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Արդահանը Կարսի մարզի հետ անցավ Ռուսաստանին։ 1897 թ.-ի մարդահամարի տվյալներով Արդահանում ապրում էր 815 բնակիչ (136 տուն), մեծամասնությունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, ռուսներ, հույներ և հրեաներ։

1918 թ.-ի մարտի 3-ին Արդահան շրջապատեցին թուրքական զորքերը։ Քաղաքը պաշտպանում էին փոքրաթիվ հայ կամավորներ։ Թուրքական զորքին հաջողվեց կտրել Կարսի և Օլթիի հետ Արդահանի պաշտպանների հաղորդակցությունը։ Մարտի 6-ին Արդահանում իշխանությունն անցավ քաղաքի մուսուլմաններին։ 1918 թ.-ի վերջերից Արդահանը ենթարկվեց անգլիական օկուպացիոն զորքերի իշխանությանը, ապա վերամիացվեց Հայաստանին։ 1920 թ.-ի մայիսին Արդահանում եղան բնակչության հեղափոխական զանգվածային ելույթներ, որոնք սակայն չհանգեցին ապստամբության։ 1920 թ.-ի նոյեմբերին Արդահանը գրավեցին քեմալականները, և քաղաքի հայ բնակչությունն ստիպված եղավ գաղթել Արևելյան Հայաստան ու Վրաստան։ 1986 թ.-ի դրությամբ Արդահանը փոքրիկ քաղաք է, 1960 թ.-ի տվյալներով ուներ 7228 բնակիչ (թուրքեր ու քրդեր)։ Կա կաշվի, կոշիկի, բրդյա գործվածքների և գյուղատնտ․ գործիքների արհեստագործական արտադրություն։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Արդահանում կար հինգ գործարան և ֆաբրիկա (աղյուսագործական, կաշեգործական են), 145 արհեստանոց, որոնցից 30-ը միավորված էր համքարային կազմակերպությունների մեջ։ Արդահանի հայ բնակչությունը զբաղվում էր հիմնականում արհեստներով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Արդահանում վաճառահանում էր ցորեն, մրգեր, ոչխարի ապխտած միս, փայտանյութ։ Արդահանի կաթոլիկ հայերն ունեին 2 եկեղեցի (Ս․ Աստվածածին և Ս․ Գրիգոր) և 2 ուսումնարան։ Արդահանը Ռուսաստանին անցնելուց հետո բարգավաճեց։ Անցկացվեցին նոր ճանապարհներ, քաղաքը կապվեց հարևան շրջանների հետ։ Մինչև 1904 թ.-ը կառուցվեցին Արդահան—Ախալքալաք, Արդահան—Օլթի և Կարս—Արդահան ճանապարհները, որոնք ունեին նաև ռազմավարական նշանակություն։ Բացվեցին Արդահանից դեպի Յազգուլիմյան լեռնանցքը տանող և Արդահան— Ախալցխա ճանապարհները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՍՀ, հտ 2, էջ 7, Արդահան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էվլիյա Չելեբի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 4․ Թուրքական աղբյուրներ, 3)
  • Կյուրեղյան Լ․, Կարս և Արդահան, Վնտ․, 1949
  • Երեմյան Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդահան» հոդվածին։