Աղրը
Քաղաք | ||
---|---|---|
Կարաքիլիսա | ||
թուրքերեն՝ Ağrı քրդ.՝ Qerekose | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Աղրըի մարզ | |
Համայնք | Աղրըի մարզ | |
Այլ անվանումներ | Աղրը, Աղրի, Գարագիլիսե, Գարաքիլիսա, Գարաքիլիսե, Կարաքիլիսե, Կարաքյոսե, Ղարաքիլիս, Ղարաքիլիսա, Ղարաքիլիսե, Ղարաքլիսա, Ղարաքյոսա, Քարաքլիսե, Քարբեր | |
ԲԾՄ | 1632 մ | |
Բնակչություն | 97 839 մարդ (2007) | |
Հեռախոսային կոդ | +90 472 | |
Փոստային ինդեքս | 04100 | |
Փոստային դասիչ | 04000 | |
Ավտոմոբիլային կոդ | 04 | |
Պաշտոնական կայք | agri.bel.tr | |
| ||
Կարաքիլիսա (թուրքերեն՝ Ağrı, հայերեն՝ Կարաքիլիսա), քաղաք Թուրքիայի արևելյան մասում, Աղրըի մարզում։ Հայկական պատմական անունը Քարբեր է։ Գտնվում է Հայաստանի և Իրանի սահմաններին մոտ։ Սկսած 16-րդ դարից քաղաքը մտել է Թուրքիայի կազմի մեջ[փա՞ստ], իսկ 1878 թ.-ին Սան Ստեֆանոյի պայմանագրով անցել է Ռուսական կայսրությանը։ Քաղաքում հիմնականում ապրում են քրդեր, իսկ մինչև 1915-1918 թթ. այստեղ ապրել են նաև հայեր։ 1927 քաղաքում տեղի է ունեցել քրդական հուժկու ապստամբություն։
Ժամանակին եղել է գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում, Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Դարաբի գետ և Մանկասար վտակների հոսանքների միջև։ Կարաքիլիսայի բարեբեր դաշտում, Տրապիզոն-Թավրիզ ճանապարհի վրա։ Նախկինում համարվում էր Էրզրումի նահանգի Բայազետի գավառի Կարաքիլիսայի գավառակի (կազա) կենտրոնը, իսկ այժմ Աղրի մարզի կենտրոնն է։
Սովորաբար համարվել է գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք։
Կարաքիլիսան հնում կրում էր Բագավան անվանումը և մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառի մեջ։
Կարաքիլիսան նոր ժամանակներում սերտորեն առնչվել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։ Նրա մոտ 1877—1878 թթ. ռուս–թուրքական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ռուսական և թուրքական զորքերի ընդհարումներից մեկը։ Ռուսական զորքը երեք անգամ 1828, 1877 և 1916 թթ. գրավել է Կարաքիլիսան, բայց այն նորից է անցել թուրքական տիրապետության տակ։
Քաղաքը ներկայումս կրում է Աղրը անվանումը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաքիլիսա թուրքերեն նշանակում է «սև եկեղեցի»։ Իբր այդպես է կոչվել թաթար-մոնղոլների տիրապետության ժամանակներից (XIII դ.) այստեղ սև քարից կառուցված եկեղեցու (որը XIX դարի վերջերին արդեն ավերակ էր) պատճառով։ Թուրքերն այժմ կոչում են Կարաքյոսե (Ղարաքյոսե)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի մասին XIV դարից առաջ հիշատակություններ կան լատինական աղբյուրներում։ Այն կոչում էին Calacresti կամ Tre Chiese (Երեք եկեղեցի) ձևերով։
Տեղում հենարան ստեղծելու և հայկական ըմբոստացումները պատժելու ու ճնշելու նպատակով Աբդուլ Համիդի օրոք, 1895—1896 թթ. հայկական ջարդերից հետո, Կարաքիլիսայում հաստատում են բավական բազմամարդ կայազոր՝ նրա համար կառուցելով համապատասխան զորանոցներ։ Բացի դրանից, այդ նույն ժամանակներում, քաղաքի բնակչության հայկական միատարրությունը վերացնելու նպատակով թուրքական իշխանություններն այստեղ բնակեցնում են թուրքական և քրդական 100 ընտանիք։
Առաջին համաշխարհային պատերազմը և թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը ճակատագրական եղան նաև Կարաքիլիսայի հայության համար։ Նրանց մի մասը ոչնչացվեց 1915 թ. Մեծ եղեռնի հետևանքով, իսկ մյուս, ավելի փոքր մասը տեղահանվեց զանազան կողմեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի առաջին կեսում Կարաքիլիսայում հայերը կազմում էին գյուղաքաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը։ 1872-1876 թվականներին ուներ 57 տուն հայ բանկիչ։
1877-1878 թվականների ռուս–թուրքական պատերազմից առաջ այստեղ կար 200 տուն հայ բնակիչ, որից 120 տունը պատերազմի ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան, իսկ 80 ընտանիք մնացել էր տեղում։ Հետագայում հայ բնակչության թիվը բավական ավելանում է։
Ըստ աղբյուրների, 1909 թ. Կարաքիլիսայի 600 տնից 350–ը հայկական էր 2450 բնակիչներով։ Այդ նույն թվականին նրա բնակչության ընդհանուր թիվը հասնում էր մոտ 4500 մարդու։ Մինչև XIX դարի 90–ական թվականները գյուղաքաղաքը կարելի է ասել զուտ հայաբնակ էր. 1877—1878 թթ. պատերազմից հետո այստեղ հայերից բացի կար միայն քրդական 3 ընտանիք 19 բնակիչներով։
1915 թվականին քաղաքն ուներ 1500 տուն, որից 500-ը հայեր էին, իսկ մնացածը թուրքեր և քրդեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ գյուղաքաղաքների նման Կարաքիլիսայի բնակչության զբաղմունքը նույնպես արհեստները, առևտուրը և երկրագործությունն էին։ Նրա արհեստների թիվը ավելի քան 20-ի էր հասնում, որոնց մեծ մասի նշանակությունը սահմանափակվում էր գավառի շրջանակներով։ Արհեստների նման, առևտուրը ևս հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին։
XX դարի սկզբին Կարաքիլիսան ուներ իր շուկահրապարակը մոտ 200 խանութներով ու կրպակներով։ Այստեղի հայկական եկեղեցին ևս ուներ իր կրպակները թվով 25, որոնց հասույթներով պահվում էր եկեղեցուն կից գործող վարժարանը։ Կարաքիլիսան տարանցիկ կետ էր Տրապիզոնի և Թավրիզի միջև, այստեղով բազմատեսակ ապրանքներ էին առաքվում Թուրքիայից դեպի Իրան և Իրանից դեպի Թուրքիա։ Մանրածախ, բայց աշխույժ բնույթ ուներ ներքին առևտուրը, մանավանդ բանջարաբոստանային մթերքներով կատարվող առևտուրը, որով այնքան համբավավոր էր գյուղաքաղաքը։ Հայերը երկրագործությամբ ու բանջարաբուծությամբ քիչ էին զբաղվում, իսկ անասնապահությունն ընդհանրապես գտնվում էր թուրքերի և քրդերի ձեռքին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ուներ ծուռումուռ և նեղլիկ փողոցներ։
Պատմամշակութային կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաքիլիսայում հիշատակության արժանի կառույցները սահմանափակվում են Ս. Աստվածածնի եկեղեցով, վարչական շենքերով ու զորանոցներով, իսկ հնությունները՝ հայկական ընդարձակ գերեզմանոցով, որտեղ կան տապանագիր ունեցող շատ քարեր և խաչքարեր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաքիլիսայի ս. Աստվածածին եկեղեցուն կից XIX դարից գործում էր Հայկազյան վարժարան, որի աշակերտների թիվը 1872-1873 թթ. հասնում էր միայն 20–ի, իսկ դարեվերջին՝ 35-40–ի։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաքիլիսայում է ծնվել արձակագիր Հմայակ Սիրասը (1902-1983)[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 158-160։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
- Քաղաքի պաշտոնական կայք էջը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 34
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |
|
|