Jump to content

Ռեֆլեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքս, օրգանիզմի պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ։ Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։

Ռեֆլեքս

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են.

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ։
  • Զգայական նեյրոններ,որոնք իրենց ելուստներով ընկալիչները միացնում են կենտրոնական նյարդային համակարգի կենտրոններին և ապահովում նյարդային ազդակի կենտրոնաձիգ հաղորդումը։
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նյարդեր, որոնք ապահովում են նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին։
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսների գործունեությունը։

Ըստ նեյրոնների քանակի ռեֆլեքսային աղեղները լինում են պարզ՝ երկնեյրոնային և բարդ՝ բազմանեյրոնային։ Առաջինը կազմված է զգայական նեյրոնից, որը դրդումն անմիջապես հաղորդում է շարժողական նեյրոնին։ Այդպիսի ռեֆլեքսային աղեղ ունեն ծնկային, արմնկային, աքիլեսյան ռեֆլեքսները։ Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է մեկ կամ ավելի միջանկյալ (ներդիր) նեյրոններ, որոնք տեղավորված են զգայական ու շարժողական նեյրոնների միջև։ Բարդ են քայլքը, վազքը, վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսների աղեղները։

Ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է ռեֆլեքսային աղեղի բոլո օղակների կազմաբանական ու ֆիզիոլոգիական ամբողջականություն։ Եթե գորտի թաթը ընկղմենք ծծմբական թթվի թույլ լուծույթի մեջ, նա թաթն արագ կհանի լուծույթից, կառաջանա պաշտպանական ռեֆլեքս։ Եթե վերջույթի մաշկը,ռեֆլեքս տեղի չի ունենա։ Հետևաբար որևէ բաղադրիչի բացակայության դեպքում ռեֆլեքս չի իրականանում։

Ռեֆլեքսային գործընթացի մեջ տարբերվում է կապի երկու տեսակ՝ ուղիղ կապ (երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան) և հետադարձ կապ (երբ տեղեկատվությունը փոխանցվում է օրգանից դեպի ուղեղ)։ Այս երկու կապերի շնորհիվ գլխուղեղից կարող է կարգավորել հրահանգների ստույգ իրականացումը և անհրաժեշտության դեպքում ուղղում կատարել օրգանի աշխատանքի մեջ։ Այս ձևով ապահովվում է օրգանիզմի հստակ պատասխան ռեակցիան արտաքին գրգռիչին։

Ռեֆլեքսներ

Պավլովի ուսմունքը նյարդային գործունեության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն նյարդային գործունեությունը գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում ընթացող միմյանց հետ փոխկապակցված և ներդաշնակ գործընթացներ են, որոնցով պայմանավորված են մարդու մտածողությունը, գիտակցությունը, խոսքը, հիշողությունը, վարքը, հոգեկան երևույթները և հասարակական կյանքը։

Բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությամբ զբաղվել են ռուս խոշոր գիտնականներ Սեչենովը և Պավլովը։ Սեչենովը ցույց է տվել, որ գլխուղեղը կարող է ուժեղացնել կամ արգելակել ողնուղեղի ռեֆլեքսային գործունեությունը։ Փաստորեն, նյարդային համակարգի բարձրագույն բաժիներն ունակ են կարգավորելու ավելի ստորին բաժինների գործառույթը։ Այդ բաժիններն են ենթակեղևային կենտրոնները, ուղեղաբունը, ողնուղեղը, որոնք կարգավորում են ներքին օրգանների, օրգան-համակարգերի ռեֆլեքսային գործունեությունը և համարում են ցածրագույն նյարդային համակարգ։

Դրդումն ու արգելակումը նյարդային համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առօրյա կյանքում ընկալիչների վրա միաժամանակ ազդում են բազմաթիվ գրգռիչներ, սակայն ռեֆլեքս առաջացնում են նրանցից ոչ բոլորը։ Այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը նպատակային է, որովհետև միաժամանակ իրականացող բազմաթիվ ռեֆլեքսներն անհնար կդարձնեին օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը։ Ռեֆլեքսային գործունեությանը հատուկ են միմյանց հետ սերտորեն կապված 2 գործընթացներ՝ դրդում ու արգելակում։ Դրդում է կոչվում նյարդային այն գործընթացը, որը հարուցում է օրգանի աշխատանքը կամ ուժեղացնում գոյություն ունեցող գործընթացը։ Դրդումն ուղեկցվում է նյարդային ազդակի առաջացմամբ, որը նեյրոնի մարմնից աքսոնով էլեկտրական լիցքի ձևով տարածվում է հարևան նեյրոնին կամ կատարող օրգանին։

Արգելակումը ճնշում է նյարդային գոյացություններում դրդման առաջացումն ու տարածումը, ռեֆլեքսների դրսևորումը։ Արգելակումը նույնպես առաջանում է դրդմամբ ծագող նյարդային ազդակներով և թուլացնում կամ ճնշում է մեկ այլ դրդում։

Կենտրոնական նյարդային համակարգում ծագող արգելակումն առաջին անգամ բացահայտել է ռուս ֆիզիոլոգ Ի. Մ. Սեչենովը։ Նա գորտի միջին ուղեղի տեսաբլուրները կերակրի աղի բյուրեղներով գրգռելիս նկատել է ողնուղեղային ռեֆլեքսների արգելակում։ Հետագայում բացահայտվել է, որ արգելակման գործընթացում կարևոր դեր ունեն նաև արգելակող նեյրոններ, որոնք հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններում։ Դրդման և արգելակման փոխներգործությունն ընկած է նյարդային գործունեության յուրաքանչյուր գործընթացում։ Օրինակ՝ ձեռքի ծալող մկանների կծկումն առաջանում է ողնուղեղի շարժողական նեյրոնների գրգռումով։ Նույն ժամանակ թուլանում են պարզող մկաններ, նրանց նյարդավորող նեյրոնների արգելակման պատճառով։

Ռեֆլեքսային աղեղի օղակների կապն իրականանում է սինապսներով։ Սինապսը նեյրոնների կամ նեյրոնների ու դրդվող այլ գոյացությունների (մկան,գեղձային բջիջ) միջև հպման գոտի է, որն ապահովում է դրդման հաղորդումը։ Հպվող տարրերի միջև գոյություն ունի սինապսային ճեղք։ Գոյություն ունեն էլեկտրական և քիմիական սինապսներ։ Էլեկտրական սինապսում դրդումը հաղորդվում է էլեկտրական ազդակի ձևով, հիմնականում՝ երկկողմանի։ Էլեկտրական սինապսները համարյա չեն հոգնում։ Մարդկանց նյարդային համակարգում գերակշռում են քիմիական սինապսները, որոնց սինապսային ճեղքն ավելի մեծ է։ Այդպիսի սինապսներում նյարդային ազդակները հաղորդվում են միջնորդանյութերով։ Քիմիական սինապսներում նյարդային ազդակը հաղորդվում է միակողմանի և ուշացումով։

Ռեֆլեքսային աղեղի բոլոր օղակներից ամենաշուտ հոգնում են սինապսները, քանի որ միջնորդանյութի սպառման դեպքում նյարդային ազդակն այլևս չի կարող հաղորդվել։

Նյարդային կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային կենտրոնը գործառապես միմյանց հետ կապված նեյրոնների ամբողջություն է, որոնք տեղադրված են կենտրոնական նյարդային համակարգի մի կամ մի քանի բաժիններում և որոնց համաձայնեցված գործունեությունը կարգավորում է օրգանիզմի որոշակի գործընթաց (շնչառություն, մարսողություն, արյան շրջանառություն և այլն)։ Նյարդային կենտրոնները քիմիական սինապսների առկայության շնորհիվ ավելի շուտ են հոգնում, քան նյարդերը և խիստ զգայուն են արյան, հյուսվածքային հեղուկի քիմիական բաղադրության փոփոխության, թթվածնի անբավարարության նկատմամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Скоромец А. А., Скоромец А. П., Скоромец Т. А. Пропедевтика клинической неврологии. СПб.: Политехника, 2004
  • Гл.ред. чл-кор. АМН СССР Косицкий Г. И., «Физиология человека». Изд. «Медицина», 1985.
  • Словарь физиологических терминов / отв. ред. Газенко О.Г.. — М.: «Наука», 1987. — 32 000 экз.
  • Фундаментальная и клиническая физиология: Учебник для студентов высших учебных заведений / ред. Камкин А.Г., Каменский А.А.. — М.: Издательский центар «Академия», 2004. — 1072 с. — 5 000 экз. — ISBN 5-7695-1675-5
  • Ноздрачев А.Д., Баранникова И.А., Батуев А.С. и др. Физиология нервной, мышечной и сенсорной систем // Общий курс физиологии человека и животных. В 2 кн.: Учеб. для биол. и мед. спец. вузов. — М.: «Высшая школа», 1991. — Т. 1. — 512 с. — 48 000 экз. — ISBN 5-06-000650-6