Jump to content

Աղվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվե
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՈւտիք
Հիմնական լեզուգրաբար
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի, զրադաշտականություն

Աղվե կամ Աղուե, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի և այլ բնակավայրերի մասին տվյալներ չեն պահպանվել։

Ենթադրվում է, որ գավառի անվանումը նույնական է Աղվանք անվանը, որը գրաբարով նշանակում է գեղեցիկ, հաճելի։ Որոշ քարտեզներում նշվել է որպես Մեծկվենք (Մեծկուենք)՝ Արցախ նահանգի կազմում, իսկ Մեծկվենքը, որը Արցախի հյուսիս-արևելքում էր, նշվում էր որպես «Աղվե»։ Հատկանշական է, որ այդ երկու գավառները բավական հեռու են միմյանցից․ խոսքը ՀՀ Իջևանի և Արցախի Մարտակերտի շրջանների մասին է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեն եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Արևելքում և հարավ-արևելքում սահմանակցել է Տուչքատակ գավառին, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Գուգարք նահանգի Կողբոփոր, Ծոբոփոր և Տաշիր գավառներին, իսկ հարավ-արևմուտքում՝ Այրարատի Վարաժնունիք գավառին։ Հյուսիս-արևելքում՝ Կուր գետի ափից այն կողմ, Աղվանքն էր։

Տարածքով հոսում էր Աղստև գետը, որը թափվում էր Կուր։ Ունի լեռնային ռելիեֆ։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանին։

Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Աղվեն մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Աղվեում։

Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հյուսային հատվածը, մշտապես հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Տաշիր-Ձորագետի թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ են մտել՝ դրանում հայկական իշխանությունների (Մածնաբերդ, Նոր Բերդ) գոյության պատճառով։ Դրանում բնակվող սակավաքանակ քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանը չի զրկվել բնիկ բնակչությունից անգամ ուշ միջնադարում այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով, քանի որ ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբը գտնվել է վրացական պետությունների կազմում (Վրաց թագավորություն, Քարթլի, Քարթլի-Կախեթ

Նոր շրջանում՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, միացել է Ռուսական կայսրությանը, եղել Թիֆլիսի, ապա Ելիզավետպոլի նահանգների կազմում, իսկ 1918 թվականից մտել է Հայաստանի Հանրապետության կազմ։ 1920 թվականի նոյեմբերին այստեղից է սկսել Հայաստանի խորհրդայնացումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
  • Մեծ Հայքի վարչական բաժանումը Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։