Այլի
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Պարսկահայք |
Վարչկենտրոն | Էլի |
Հիմնական լեզու | ասորերեն, հայերեն, պահլավերեն, մարերեն |
Ազգային կազմ | ասորիներ, հայեր, մարեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի |
Այլի, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Նախճավան բնակավայրը։ Այլ բնակավայրերից հայտնի են Էլին (Այլի) և Կարենիսը[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլի անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև Այլի քաղաքը, որում գտնվել է համանուն վանքը, ինչպես նաև գետը, որը թափվում է Ուրմիո (Կապուտան) լիճ։ Գավառը հայտնի է եղել նաև որպես «Կուրիճան»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլին եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Տամբեր, հարավում և հարավ-արևելքում՝ Թրաբի գավառներին։ Հյուսիս-արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հարավ-արևմուտքում ընդհանուր սահման ուներ Կորճայք նահանգի Որսիրանք գավառի հետ։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Տեղակայված է Էլո ջուր գետի հովտում։ Արևելյան հատվածում ունի դաշտային ռելիեֆ։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի շրջանի (պարս.՝ شهرستان ارومیه) մի մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Այլին, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Գավառում կար նաև սակավաքանակ հայ բնակչություն։ Լեռնային հատվածը 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։
17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են մի քանի գյուղեր, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Տեղի հայերը խոսել են Ուրմիայի բարբառով։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։ Հայերի արտագաղթն Ուրմիայից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ներկայումս ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
- ↑ Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ 26-39. — ISSN 0135-0536.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
- ↑ Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
- Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
- Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
- Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |