Առբերանի
Առբերանի, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։
Տարածվում էր Վանա լճի հյուսիս–արևելյան կողմում։ Առբերանիի մեջ էին մտնում նաև Լիմ և Կտուց կղզիները։ Արևմուտքից սահմանակցում էր Աղիովիտ գավառին։ Առբերանիի մակերևույթը դաշտային է, հողը՝ բերրի։ Գավառով հոսում է Բերկրի գետը։ Ըստ Մովսես Խորենացու, Առբերանին Աղիովիտ ու Հաշտյանք գավառների հետ հատկացվել է Արշակունիների տոհմի ժառանգներին (սեպուհներին), և արդեն Տիրան թագավորի (339–345 թթ.) օրոք այդտեղ բազմացած սերունդների միջև, համայնական սկզբունքներով («հավասար» և «ըստ մարդաթվի»), կատարվել է հողաբաժանում։ Առբերանին Աղիովիտ և Գառնի գավառների հետ, իբրև Արշակունի սեպուհների կալվածք, կոչվում էր «Սեպուհական» կամ «Վասպուրական», «Երկիրն սեպհական գնդին»։ 387 թ.-ից հետո Առբերանին կոչվել է Քաջբերունի գավառ և տեղի Արշակունի սեպուհները կազմել են «ոստանիկների» առանձին Քաջբերունի նախարարական տոհմ։
Վասպուրականի Գագիկ Ա Արծրունի թագավորը (908–943 թթ.) Առբերանին ընծայեց Աղթամարի կաթողիկոսական աթոռին։ Առբերանիում կային մի քանի նշանավոր վայրեր՝ Բերկրի բերդաքաղաքը, Ամյուկ ամրոցը, Առեստավանն իր ձկնորսարաններով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 537)։ |